Երեխան նկարում է: Մի՛ խանգարեք նրան: Երբ արդեն ավարտած կլինի, վերցրեք այն ու փորձեք բացահայտել երեխայի ներաշխարհը:
Նկարում ընտանիքի անդամների հերթականությունը շատ բան կարող է հուշել փոքրիկ նկարչի և տան անդամների հարաբերությունների մասին: Սովորաբար երեխաներն առաջինը նկարում են այն մարդուն, որին շատ են սիրում: Եթե փոքրիկը մոռացել է նկարել տան որևէ անդամին, ապա նրան այնքան էլ չի սիրում և կարևորություն չի տալիս: Որպես կանոն, ինքն իրեն երեխան նկարում է կենտրոնում: Սա նշանակում է, որ ինքը սիրված է ծնողների կողմից: Իսկ եթե երեխան իրեն չի պատկերում, ապա զգում է միայնություն և անպետք լինելու զգացում ունի:
Խորհուրդ: Եթե երեխայի նկարում բացակայում է տան անդամներից որևէ մեկն, ապա հարցրեք երեխային նրան չնկարելու պատճառը: Սա լուրջ խնդիր է: Անուշադրության չմատնեք:
Որքան շատ է երեխան սիրում տան անդամներից մեկին, այնքան մեծ է պատկերում նրան իր նկարում: Ծնողների կողմից չընդունված երեխան ինքն իրեն մեծ է պատկերում:
Եթե ընտանիքում սերն է տիրում, երեխան տան անդամներին պատկերում է իրար շատ մոտ: Եթե երեխան ծնողներից մեկին իրեն ավելի մոտ է պատկերել, ապա նրա հետ կապվածություն ունի: Նկարում մարդկանց միջև նկարված առարկաները, ծառերն ու ծաղիկները խորհրդանշում են որոշակի խնդիրներ այդ մարդկանց միջև:
Գույեր: Երեխային հաճելի ամեն ինչ նկարված է լինում տաք ու վառ գույներով: Եթե նկարում տան անդամներից մեկի հագուստը երեխան կապույտով է ներկել, ապա այդ մարդու հետ իրեն հարմարավետ է զգում, եթե կանաչ է պատկերված հագուստը, երեխան այդ մարդուն հարգում և կարևորում է: Դեղինը նշանակում է իշխանություն, կարմիրը՝ ագրեսիա, սևը կհուշի այդ մարդու հետ էմոցիոնալ դաշտում խնդիրներ ունենալու մասին:
Մարմնի մասեր: Մանրակրկիտ նկարված դեմքի մասերը, կհուշի, որ երեխան սիրում է այդ մարդուն: Եթե երեխան տան անդամներից մեկի բերանը մեծ է նկարել, կնշանակի, որ նա երեխային շատ դիտողություններ է անում:
Եթե բերանը շատ փոքր է կամ բացակայում է, նշանակում է, որ տվյալ մարդը չի արտահայտում իր էմոցիաները: Նկարված ատամները հուշում են ագրեսիայի մասին, մեծ աչքերը՝ վախի, իսկ փոքր աչքերը կարող են հուշել, որ երեխան ինչ-որ բան է ուզում թաքցնել:
Եթե երեխան որևէ մեկին շատ երկար ձեռքերով կամ, առհասարակ, առանց ձեռքերի է նկարել, կնշանակի, որ տվյալ մարդը ուժ է կիրառում երեխայի նկատմամբ: Կարճ ձեռքերը ներքին թուլություն են արտահայտում: Ձեռքերը վեր պարզած երեխան ուշադրության և ինքնաարտահայտման խնդիր ունի:
Երեխան կարող է օգնել Ձեզ ոչ միայն գտնել ընտանիքում առկա խնդիրները, այլև վերացնել դրանք: Կարող եք շրջել թերթն ու խնդրել փոքրիկին նկարել իր երազանքների ընտանիքը:
Աղբյուրը՝ www.vospitaj.com



