Ինչպե՞ս կազմակերպել երեխայի ամառային արձակուրդները

Զարգացում

Ուսումնական տարվա ընթացքում երեխաներն անհամբերությամբ սպասում են ամառային արձակուրդներին՝ երազելով դրսում խաղալու և դաս չանելու մասին:

Հոգեբանի խոսքով՝  դասերի մասին, առհասարակ, մոռանալը խրախուսելի չէ, սակայն դա չի նշանակում ամեն օր դաս անել և մոռանալ հանգստի մասին: Ինչպե՞ս կարելի է ճիշտ կազմակերպել փոքրիկի հանգիստը` համատեղելով օգտակարն ու արդյունավետը: Այս հարցի շուրջ «Իմ փոքրիկ»-ը խոսել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ: 

- Շատ կարևոր է, որ հանգիստը ներառի ակտիվ մաս, այսինքն՝ վազելու, խաղալու, ակտիվ վարժություններ անելու գործողություններ: Իհարկե, յուրաքանչյուր ընտանիք ինքն է ընտրում հանգստի իր եղանակը՝  ելնելով հետաքրրություններից: Բայց բոլոր դեպքերում հանգիստն առավել հետաքրիր դարձնելու համար  երեխային պետք է մղել ֆիզիկական ակտիվության:

Այսպիսով՝ առանձնացնենք ամառային արձակուրդներն անցկացնելու մի քանի տարբերակ:

 

  1. Ամառային դպրոցներ

 Ներկայում կան տարբեր տեսակի ամառային դպրոցներ, որոնց  նպատակը ոչ այնքան դաս անելն է, որքան  ֆիզիկական ակտիվությամբ վարժություններ կատարելը, տարբեր հմտություններ ձեռք բերելը: Նման  միջավայրերն օգնում են երեխային ավելի ինքնավստահ լինել, նոր ընկերներ ձեռք բերել, շփման մեջ ազատ լինել, լիցքաթափվել:

 

  1. Դաս անե՞նք

Իհարկե, դասերին ևս  արժե անդրադառանալ, բայց ոչ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Մի՛ մոռացեք,  որ նրանք առանց այն էլ  անհամբեր սպասում են, որ դասերն ավարտվեն։ Դրա համար անհրաժեշտ է մի որոշ ժամանակ նրանց  շեղել դասերից, մի քիչ լիցքաթափել: Երեխաներին կարելի է տանել պարապմունքների, բայց չի կարելի ծանրաբեռնել:  Կարևոր է, որ երեխան պարտադրված չգնա պարապմունքների, այլապես արդյունք չի տա: Կարող եք երեխային առաջարկել 10 րոպե արտագրություն անել, այս կամ այն վարժությունը կատարել, սակայն դա չպետք է տևի օրակամ 15 րոպեից ավելի:

 

  1. Ծնող-երեխա. մտերմության լավագույն շրջանը

Ամառային արձակուրդների շրջանը լավագույնն է երեխայի հետ հարաբերությունների ամրապնդման համար, քանի որ տարվա մյուս շրջաններում երեխա-ծնող կապը գնալով թուլանում է  դասերի, աշխատանքի, հետևաբար՝ ծանրաբեռնված լինելու պատճառով: Օգտվե՛ք այդ հնարավորությունից՝ ավելի մոտ լինելու երեխային:

 

4     Գրքեր, արշավներ, բնություն, կենդանիներ

Կարելի է երեխայի հանգիստը կազմակերպել՝ նրան տանելով արշավների: Այն շատ է օգնում զարգանալ, մեծանալ, ինքանվստահություն ձեռք բերել, կոփվել, ինքնուրույնություն ձեռք բերել: Ցանկալի է երեխաների հետ ընթերցանությամբ զբաղվել՝ հեքիաթներ կարդալ, տարբեր պատումներ պատմել միասին: Հանգստի մեջ պետք է ներառել նաև բնության, կենդանիների հետ շփումը:

 

  1. Իսկ նա քանի՞ տարեկան է

Ժամանցի  կազմակերպման մեջ երեխայի տարիքը շատ կարևոր է: Մանկապարտեզի տարիքի երեխաների համար քնի, ճաշի ռեժիմը պետք է նույն կերպ կազմակերպել: Իսկ ահա ավելի մեծ՝ դեռահասության տարիքի երեխաների մոտ հանգստի կազմակերպման եղանակը տարբերվում է: Այս դեպքում  հաճախ ծնողն է թելադրում դեռահասին՝ ինչպես կազմակերպել հանգիստը: Սակայն հաշվի առնելով այս տարիքի մի շարք նրբություններ՝  հարկավոր է քննարկել երեխայի հետ հանգստի կազմակերպման ձևը: Շատ հնարավոր է, որ դեռահասն ունենա այնպիսի հորմոնալ ակտիվ ֆոն, այնպիսի մարմնային հոգնածություն, հոգեկան լարվածություն, որ ակտիվ հանգիստ չցանկանա: Հնարավոր է՝ նա նախընտրում է  բնության գրկում լինել, երաժշտություն լսել, հանգստանալ: Այս դեպքում հարկավոր է մեկ շաբաթ թողնել նրան  հանգիստ վիճակում, այնուհետև միասին արշավ գնալու պլաններ մշակել:

Իզուր չէ, որ երեխաներն  այդքան շատ են սիրում արձակուրդները։ Ի վերջո, արձակուրդը նրա համար է,  որ մարդը վերականգնի իր ուժերը, հոգեբանական ռեսուրսները: Այս դեպքում ծնողն ու երեխան պետք է համագործակցեն միմյանց հետ, այլապես հանգստի ոչ ճիշտ կազմակերպումը ամբողջ տարվա ընթացքում երեխայի մոտ ֆիզիկական հիվանդությունների և հոգեբանական խնդիրների պատճառ կարող է դառնալ:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ