Երբ մայրիկը հեռախոսով խոսում է, զրուցում մեկ ուրիշի հետ կամ զբաղված է որևէ գործով, երեխան անընդհատ միջամտում է՝ հարցեր տալիս, կանչում կամ քաշում նրա թևքից։ Երբեմն թվում է՝ նա պարզապես չի ուզում սպասել։
Հիշեք՝ սպասելն ու խոսակցության հերթը պահպանելը հմտություններ են, որոնք երեխան աստիճանաբար է սովորում։ Ահա 5 քայլ, որոնք կարող են օգնել՝
1. Բացատրեք՝ ինչ եք ակնկալում։ Պարզ ասեք․ «Ես հիմա խոսում եմ․ երբ ավարտեմ, կլսեմ քեզ»։ Երեխան պետք է հասկանա՝ ինչ է նշանակում սպասել։
2. Սովորեցրեք ազդանշան տալ։ Պայմանավորվեք, որ երբ ակնկալում է ձեր ուշադրությունը, կարող է ձեռքը դնել ձեր թևին և սպասել, մինչև արձագանքեք։
3. Սկսեք կարճ ժամանակահատվածներից։ Մի՛ ակնկալեք, որ երեխան երկար կսպասի։ Սկզբում փորձեք մեկ-երկու րոպե, ապա աստիճանաբար ավելացրեք ժամանակը։
4. Գովեք, երբ երեխան սպասում է։ Ասեք․ «Շնորհակալ եմ, որ սպասեցիր, մինչև ավարտեցի խոսակցությունս»։ Նկատեք նույնիսկ փոքր հաջողությունները։
5. Ժամանակ հատկացրեք երեխային։ Երբեմն հաճախակի ընդհատումները կարող են լինել ուշադրության կարիքի արտահայտություն։ Օրվա ընթացքում երեխայի հետ առանձնացրեք ժամանակ, երբ ամբողջությամբ նրան եք լսում և միասին զբաղվում ինչ-որ բանով։
Հիշե՛ք․ երեխան չի սովորում սպասել մեկ օրում։ Համբերատարությունը, հետևողականությունը և ծնողի օրինակը կօգնեն նրան աստիճանաբար հասկանալ, որ ուրիշների խոսքն էլ պետք է լսել, իսկ սեփական ցանկությունները կարելի է արտահայտել առանց ընդհատելու։
Աղբյուրներ՝ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ, Nationwide Children’s Hospital, Triple P Positive Parenting Program



