Փոքրիկի մտածողությունը զարգացնելու գործն առաջին հերթին պետք է ստանձնեն ծնողները՝ խաղերի միջոցով ապահովելով թե՛ հրաշալի ժամանց, թե՛ ուսուցանում։
1․ Ասա՛ ինձ
«Ասա՛ ինձ» խաղը հնարավորություն է ընձեռում զարգացնել բալիկի ստեղծագործականությունը, երևակայությունն ու մտքեր ձևակերպելու կարողությունը։ Ցանկության դեպքում կարող եք օգտագործել խաղալիքներ՝ հեքիաթների և մուլտֆիլմերի կերպարների տեսքով: Մայրիկը պետք է երեխային ասի տարբեր հեքիաթների կամ մուլտֆիլմերի հերոսների անուններ, օրինակ՝ «Պույ-Պույ մկնիկ», «Անբան հուռին», «Պինգվինաշեն» կամ «Կախարդական լավաշ» (եթե բալիկը չգիտի որևէ հերոսի, նրան ցույց տվեք մուլտֆիլմը կամ կարդացեք հեքիաթը): Այնուհետև պետք է տա պատմության հետաքրքրաշարժ սկիզբ, օրինակ՝ «Պինգվինները գնացին պաղպաղակ վերցնելու և․․․ »: Դրանից հետո փոքրիկը շարունակում է պատմությունը և նկարագրում, թե ինչպես ավարտվեց այն: Խաղն ավելի հետաքրքիր կլինի, եթե մասնակիցները շատ լինեն, և յուրաքանչյուրը հերթականությամբ շարունակի՝ հանդես գալով մեկ նախադասությամբ:
2․ Տնային ներկայացում
Տանը կազմակերպված ցանկացած բերմադրություն զարգացնում է թիմում աշխատելու հմտությունը, սովորեցնում իմպրովիզներ անել և աշխատել լսարանի, հանդիսատեսի համար: Ընտրում եք ձեր նախընտրած հեքիաթը՝ հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները (ցանկալի է, որ հեքիաթում գործողություններն ավելի շատ լինեն, քան մեկնաբանությունները), պատրաստում եք կոստյումներ (կարող եք օգտագործել տատիկի շարֆը, հայրիկի գլխարկը, անհրաժեշտության դեպքում՝ մայրիկի դիմահարդման պարագաները), հրավիրում դերասաններին (եղբայր, քույր, տատիկ, պապիկ, հայրիկ, ընկերներ) և, իհարկե, դահլիճը լցնում հանդիսատեսով (սրանք կարող են լինել նաև մանկական անկյան բնակիչ-խաղալիքները՝ վագր, արջ, նապաստակ, գնդակ, բեռնատար, ամենն, ինչ ձեր երեխան սիրում է): Խաղում եք ու բավականություն ստանում:
3․ Շրջագայություն
Սկզբում մայրիկը վերցնում է խաղալիքն ու ասում՝ արջուկը հոգնել է իր սենյակում ապրելուց, ուզում է մեկնել «ճանապարհորդության»: Ապա առաջարկում է երեխային արջուկին ցույց տալ այն ամենը, ինչ կա տանը, անվանել յուրաքանչյուր առարկա և նշել՝ ինչի համար է այն: Խաղալիքը հետաքրքրասերն է և սիրում է հարցեր տալ։ Փոքրիկը նրա համար դառնում է էքսկուրսավար ու նաև բարելավում իր հաղորդակցման հմտությունները, խոսքը, հիշողությունն ու ուշադրությունը:
4․ Անվանեք մեկ բառով
«Անվանեք մեկ բառով»-ն օգտակար է բառապաշարի ընդլայնման, տրամաբանական մտածողության զարգացման, ընդհանուր հատկանիշների և կիրառման մեթոդների հիման վրա առարկաների խմբեր կազմելու հմտության ձևավորման հարցում: Լրացուցիչ նյութեր չեն պահանջվում: Խաղավարն ասում է մի քանի բառ, որոնք խաղացողները պետք է համախմբեն մեկ բառի ներքո: Օրինակ՝
ծիրանենի, սոճի, կաղնի - ծառեր
աղվես, գայլ, արջ - կենդանիներ
բանան, տանձ, կիվի - մրգեր
լոլիկ, պղպեղ, սմբուկ- բանջարեղեն:
5․ Մենք չենք ասի, թե որտեղ էինք, բայց ցույց կտանք՝ ինչ ենք արել
Մայրիկը պետք է անվանի մեկ պարզ գործողություն, օրինակ՝ ֆուտբոլ խաղալ, սպասք լվանալ, աշխատել համակարգչով, գիրք կարդալ և այլն: Միաժամանակ, նա ոչինչ չի ասում, միայն ժեստերով ու դեմքի արտահայտություններով է ցույց տալիս գործողությունը։ Խաղացողները պետք է հասկանան՝ ինչի մասին է խոսքը: Լավ կլինի հերթով խաղալ մասնակիցների հետ. նախ առաջին երեխան փորձի գուշակել գործողությունը։ Եթե նա կռահի, երկրորդ մասնակիցը կգուշակի նոր գործողություն, իսկ եթե ոչ, ապա նույնի պատասխանը կփորձի գտնել:
Այս խաղը հիանալի է ոչ միայն նախադպրոցականների և դպրոցականների, այլև դեռահասների և նույնիսկ մեծահասակների համար, քանի որ դրա օգնությամբ դուք կարող եք հիանալի ժամանակ անցկացնել ցանկացած միջավայրում, սովորել մտքերն արտահայտել առանց բառերի։
6․ Ես, ապա դու
«Ես, ապա դու» խաղով զարգացնում ենք ոչ միայն փոքրիկի տրամաբանական մտածողությունն, այլև արձագանքելու ունակությունը: Երեխան պետք է արագ հասկանա, թե ինչի մասին է խոսում դիմացինը և պատասխանի նրան նույն կերպ: Օրինակ՝ մայրիկն ասում է՝ «ես ծիածան եմ», երեխան պետք է պատասխանի՝ «իսկ ես արև եմ»: Մայրիկը շարունակում է՝ «ես երկինքն եմ», փոքրիկն ասում է՝ «ես էլ ինքնաթիռն եմ» և այլն:
7․ Գուշակիր նկարագրությամբ
Տվյալ խաղը զարգացնում է բալիկի խոսքը, համախմբում գիտելիքները այն հասկացությունների շուրջ, որոնք կապում են դրանք կամ այլ առարկաներ, արարածներ: Նախապես պատրաստում ենք նախադասություն-հանելուկներ, որոնց երեխաները պետք է պատասխանեն.
Օրինակ՝
- Գունավոր թևերով գեղեցիկ միջատ, սիրում է թռչել, ուտում է նեկտար (թիթեռ)
- Տրանսպորտային միջոց է, երկար, բաղկացած է մի քանի մասից, երթևեկում է ռելսերով (գնացք)
- Նարնջագույն մազերով այդ վայրի կենդանին միշտ խաբում է հեքիաթներում (աղվես)
- Դեղին կեղևով միրգ (կիտրոն)



