Ավելի քան 2 մլն այցելություն․ «Իմ փոքրիկ»-ն ամփոփում է 2018-ը

Սիրելի՛ ընթերցողներ, 2018-ը մոտեցավ ավարտին: Ժամանակն է՝ ամփոփելու տարին և նոր ծրագրերով դիմավորելու 2019-ը:

Անցնող տարվա ընթացքում «Իմ փոքրիկ»-ը շարունակեց իր առաքելությունը՝ ընթերցողներին ամենօրյա պարբերականությամբ ներկայացնելով որակյալ հոդվածներ այն ամենի մասին, ինչն առնչվում է մայրությանն ու մանկությանը։

Անցնող տարին «Իմ փոքրիկ»-ի համար հագեցած էր նաև նորություններով։ Նախ՝ կայքը գործարկեց «Մայրության նպաստի հաշվիչ» բաժինը, որի օգնությամբ ֆիզարձակուրդին նախապատրաստվող մայրերը կարող են հեշտությամբ հաշվել և իմանալ՝ որքան է կազմելու մայրության նպաստը: 2018-ի ընթացքում «Իմ փոքրիկ»-ը գործարկեց նաև «Փոքրիկիս պատվաստումները» բաժինը, որտեղ ծնողները կարող են գտնել նյութեր երեխաների պատվաստումների ու դրանց կարևորության մասին, «Փոքրիկիս օրենքները» բաժինը, որտեղ ներկայացված են երեխաների իրավունքները, որոնք ամրագրված են ՀՀ ընտանեկան օրենսգրքում և «Գեղեցիկ մայրիկ» բաժինը, որտեղ ներկայացված նյութերը կօգնեն մայրիկներին գեղեցիկ մնալ թե՛ հղիության ընթացքում և թե՛ ծննդաբերությունից հետո։

2018 թ․-ի ընթացքում «Իմ փոքրիկ»-ը ունեցել շուրջ 3 մլն 900 հազար էջադիտում , կայք է այցելել ավելի քան 2 մլն ընթերցող՝ հիմնականում Հայաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Մեր ընթերցողներին այս տարի առավել շատ հետաքրքրել են «Հեքիաթ», «Բանաստեղծություններ»,  «Հանելուկներ», «Առակներ», «Սնունդ», «Սեռի որոշման օրացույց» բաժինները։

Սիրելի՛ ընթերցողներ 2019-ին «Իմ փոքրիկ»-ը կշարունակի իր հավատարիմ ընթերցողներին մատուցել որակյալ ինֆորմացիա: Հաջորդ տարում մենք կներկայանանք նոր ծրագրերով ու գաղափարներով: Սպասեք մեզ։

 

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»