Մարդկանց շրջանում տարածվող թյուր տեղեկատությունները և արմատացած միֆերը հաճախ են քննարկումների ու խնդիրների պատճառ դառնում, ինչպես, օրինակ, կուսաթաղանթի կառուցվածքի պարագայում է:
Կարծիք կա, որ իգական սեռի բոլոր ներկայացուցիչները պարտադիր ունեն կուսաթաղանթ և դրա պատռումն անպայման ուղեկցվում է ցավով, առատ արյունահոսությամբ: Նրանք, չըմբռնելով «կուսություն» բառի իրական նշանակությունը, իրապես հավատում են՝ եթե չկա արյուն, ապա աղջիկը մինչ դա ունեցել է սեռական հարաբերություն: «Բեգլարյան» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Արշակյանը նշում է, որ կուսաթաղանթն ընդամենը սահման է հանդիսանում արտաքին ու ներքին սեռական օրգանների միջև: Կուսաթաղանթի կազմությունը փոփոխվում է տարիքի հետ․ մանկական հասակում գերակշռում է մկանային հյուսվածքը, հասուն տարիքում՝ շարակցականը: Իսկ ըստ ձևի՝ կուսաթաղանթը լինում է կիսալուսնաձև կամ օվալ: «Այն կարող է լինել ամբողջական, ունենալ մի քանի փոքր բացվածքներ: Ավելի հազվադեպ լինում են դեպքեր, երբ կուսաթաղանթը լիովին փակում է հեշտոցամուտքը, խոչընդոտ դառնում դաշտանային արյան դուրս գալու համար: Սա կլինիկորեն դրսևորվում է առաջին դաշտանի ժամանակ, արտահայտվում որովայնի ստորին շրջանի ցավերով, ինչի կապակցությամբ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն և ախտորոշվում «Հեմատոկոլպոս» (արյուն հեշտոցի մեջ)»,- մանրամասնում է գինեկոլոգը և շեշտում՝ պատահում է նաև հակառակը: Կուսաթաղանթը լինում է ապաճած կամ թերի զարգացած, որը դրսևորվում է առաջին հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ արյան բացակայությամբ:
Չնայած կուսաթաղանթի վնասումը՝ դեֆլորացիան, որպես կանոն, տեղի է ունենում առաջին հեշտոցային սեռական ակտի ժամանակ, կուսաթաղանթը կարող է վնասվել նաև որոշ տրավմաների հետևանքով, ձեռնաշարժության ժամանակ (եթե կիրառվում են ինտիմ խաղալիքներ): Կուսաթաղանթը սեռական հարաբերության ընթացքում կարող է չպատռվել, երբ ներհրումը շատ խորը չլնի: Հնարավոր է՝ այն վերջնական պատռվի հեշտոցային ծննդաբերության ժամանակ: «Դեֆլորացիան յուրաքանչյուրի մոտ դրսևորվում է յուրովի, արյան քանակի և ցավի առկայությունը, ուժգնությունը կախված են ինչպես հյուսվածքային կազմությունից, այնպես էլ աղջկա՝ ցավի զգայունության աստիճանից, զուգընկերոջ հանդեպ ունեցած վստահությունից ու մի շարք այլ հոգեբանական գործոններից: Պետք չէ, որ աղջիկները սեռական հարաբերությունից առաջ կարդան վախ ու սարսափ առաջացնող հոդվածներ, լսեն իրենց շրջապատողների պատմությունները»,- ասում է մասնագետը:
Հարկավոր է նկատել, որ արդի ժամանակներում բավականին տարածված է դեֆլորացիայի հակառակ պրոցեսը՝ ռեֆլորացիան, որը կուսաթաղանթի վերականգնումն է: Կանանց մի մասն անում է հիմենոպլաստիկա, քանի որ ցանկանում է վերապրել երբևէ ունեցած զգացողությունները, իսկ մյուս մասը՝ չի կարողանում անկեղծ խոսել ընկերոջ հետ: Անկախ ամենից՝ հիմենոպլաստիկայի համար ցուցում է միմիայն կնոջ ցանկությունը: Գոյություն ունի ռեֆլորացիայի երկու եղանակ՝ երկարաժամկետ և կարճաժամկետ: Երկարաժամկետի դեպքում թաղանթի վերականգնումը կատարվում է հեշտոցի լորձաթաղանթից վերցված հյուսվածքի միջոցով և պատռվում միայն սեռական հարաբերության ընթացքում: Երկրորդի պարագայում վերականգնումը կատարվում է ներծծվող թելի միջոցով, արդյունքը պահպանվում է մինչև թելի ներծծվելը: Հնարավոր ալերգիկ ռեակցիաները կարող են լինել վիրահատական նյութերի նկատմամբ, չեն հանդիսանում վիրահատության բարդություն, այլ միայն տվյալ անհատի օրգանիզմի առանձնահատկություն: