Ինչպե՞ս և ինչո՞ւ մերսել փոքրիկին

Խնամք

Շոշափման ընկալումը փոքրիկի ֆիզիկական և զգայական  զարգացման կարևորոգույն գործոն է: Մերսումը, որի ժամանակ դուք շոյում,  փայփայում եք ձեր փոքրիկին, նրա հետ մտերմանալու հարազատանալու լավագույն միջոցներից է: Հնդկաստանում և Աֆրիկայում հարյուրավոր տարիներ երեխաներին մերսում են ոչ միայն մոր ու երեխայի միջև մտերմություն հաստատելու, այլև խիթերից ազատելու, մարսողությունը կանոնավորելու և մկանները ուժեղացնելու համար: Թեթևակի թփթփոցները թուլացնում են որովայնի պատը,  ինչն իր հերթին հեշտացնում է գազերի դուրս գալը,  վերացնում խիթերից առաջացնող ցավը: Մերսումը ամրացնում է նաև երեխայի թաթիկներն ու տոտիկները:

Կան մերսման շատ ձևեր, որոնք, ցանկության դեպքում, կարող եք ուսումնասիրել, բայց առաջին ամիսներին փոքրիկի համար բավական է նույնիսկ ձեր նուրբ հպումները: Ամենահարմարը մերսումն է կերակրելու միջև ընկած ժամանակահատվածում:

 

Մինչև երեխային մերկացնելը, ստուգեք, որ  սենյակում տաք լինի, միջանցիկ քամիներ չլինեն: Դա շատ կարևոր է, որովհետև

երեխաները մոտավորապես 10 անգամ ավելի արագ են կորցնում ջերմությունը, քան մեծերը: Մի մոռացեք, որ չի կարելի նորածինների թաթիկներն ու տոտիկները եռանդագին մերսել:

Մերսումից առաջ հանեք ձեր մատանիները ու ապարանջանները, կարճ կտրեք ու լավ մշակեք եղունգները, որ անհարթություններ չլինեն: Ներքև կախելով և թափ տալով, թուլացրեք ձեր ձեռքերը և ապա ափերը իրար շփելով` տաքացրեք: Մի քիչ մանակական յուղ քսեք և մատների ծայրերով զգուշությամբ, թեթև ու համաչափ շարժումներով  սկսեք մերսել փոքրիկին: Մերսումը սկսեք գլխի շրջանից, հետո աստիճանաբար անցեք տոտիկներին:

Մերսման ընթացքում մատների հպումները պետք է լինեն շատ նուրբ ու փետուրի պես թեթև, հատկապես գլխի շրջանը և դեռ ամբողջովին չսպիացած պորտիկի շուրջը թփթփացնելիս: Նորածինները ձգտում են այնպիսի դիրք ընդունել, ինչպիսին նրանք ունեին մոր արգանդում: Դա բնական է: Խորհուրդ չի տրվում շատ փոքր հասակում ուղղել փոքրիկի վերջույթները:

Երբ փոքրիկը մի քիչ մեծանա, հպումները ավելի վստահ կարող եք կատարել, և արդեն հնարավոր կլինի մերսել ոչ թե մատների ծայրերով, այլ ափով:

Վերջացնելով մերսումը` հագցրեք երեխային, իսկ եթե նա քնել է ուզում, քնեցրեք:

 

Լիանա Հովհաննիսյան

Գովազդ