Երկու տարեկանից հետո երեխայի շարժումները դառնում են ավելի վստահ, խոսքը՝ ավելի ակտիվ, իսկ խաղը՝ ավելի բարդ։ Նա սկսում է ոչ միայն ինքնուրույն ավելի շատ բան անել, այլև հասկանալ պարզ հանձնարարություններ, արտահայտել ցանկությունները և հետաքրքրվել մյուս երեխաներով։
Ինչպես ավելի վաղ տարիքում, այս փուլում ևս կարևոր է հիշել՝ զարգացման ուղենիշները կողմնորոշիչ են, ոչ թե ախտորոշում։ Երեխաները կարող են նույն հմտությունները ձեռք բերել տարբեր ժամանակներում։ Բայց եթե որևէ բան ձեզ անհանգստացնում է, պետք չէ սպասել հաջորդ տարիքային փուլին։
2 տարեկան․ վազել, գնդակին հարվածել և երկու բառ կապել միմյանց
Երկու տարեկանում երեխաների մեծ մասն արդեն վազում է, ոտքով հարվածում գնդակին և կարողանում է աստիճաններով մի քանի քայլ բարձրանալ՝ օգնությամբ կամ առանց դրա։ Սնվելիս նա սովորաբար փորձում է ինքնուրույն գդալ օգտագործել։
Խոսքի և հաղորդակցության մեջ ևս նկատելի փոփոխություններ են լինում։ Երեխան կարող է միացնել առնվազն երկու բառ՝ օրինակ՝ «էլի ջուր», ցույց տալ մարմնի առնվազն երկու մաս և գրքում մատնանշել ծանոթ առարկան, երբ հարցնում եք՝ որտեղ է այն։
Այս տարիքում փոքրիկը նաև սկսում է ավելի ուշադիր հետևել մարդկանց արձագանքներին․ նոր իրավիճակում կարող է նայել ծնողի դեմքին՝ հասկանալու համար, թե ինչպես արձագանքի։
Եթե երեխան չի օգտագործում երկու բառից կազմված արտահայտություններ, դժվարանում է հասկանալ պարզ հարցերը կամ կորցրել է նախկինում ունեցած որևէ հմտություն, քննարկեք դա մանկաբույժի հետ։
2.5 տարեկան․ մոտ 50 բառ, երկու քայլից բաղկացած հանձնարարություններ և ցատկել
2.5 տարեկանում երեխայի ինքնուրույնությունն ավելի է մեծանում։
Այս տարիքում երեխաների մեծ մասն օգտագործում է մոտ 50 բառ, երկու կամ ավելի բառ միացնում է՝ ներառելով նաև գործողություն արտահայտող բառ, օրինակ՝ «շունը վազում է», և կարողանում է անվանել գրքում տեսած որոշ առարկաներ։
Նա սովորաբար հասկանում և կատարում է երկու քայլից բաղկացած պարզ հանձնարարություններ, օրինակ՝ «խաղալիքը դիր տեղը և դուռը փակիր»։ Կարող է ճանաչել առնվազն մեկ գույն և խաղի ժամանակ առարկաներին երևակայական նշանակություն տալ։
Շարժողական հմտություններն էլ են զարգանում․ երեխան կարողանում է երկու ոտքով ցատկել, ինքնուրույն հանել հագուստի որոշ մասեր, շրջել գրքի էջերը մեկ առ մեկ և բացել կամ պտտել տարբեր կափարիչներ ու բռնակներ։
Այս շրջանում երեխան նաև սկսում է ավելի շատ հետաքրքրվել հասակակիցներով․ խաղում է նրանց կողքին և երբեմն արդեն միանում ընդհանուր խաղին։
Ո՞ր դեպքում արժե դիմել մասնագետի
Միայն մեկ հմտության ուշ ի հայտ գալը դեռ ինքնին չի նշանակում զարգացման խանգարում։
Բայց մանկաբույժի հետ արժե քննարկել, եթե երեխան ձեռք չի բերում իր տարիքին բնորոշ մի քանի հմտություն, դժվարանում է հաղորդակցվել կամ հասկանալ պարզ խոսքը, կամ եթե նրա զարգացման դինամիկայում ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է։
Առանձնակի կարևոր է չսպասել, եթե երեխան կորցրել է նախկինում ունեցած որևէ հմտություն։
Ծնողի դիտարկումները զարգացման գնահատման կարևոր մասն են։ Եթե մտահոգություն ունեք, ավելի ճիշտ է այն քննարկել մասնագետի հետ, քան սպասել, թե «ինքն իրեն կանցնի»։
Նյութը տեղեկատվական է և չի փոխարինում մանկաբույժի անհատական գնահատմանը։



