Քնելուց առնվազն կես ժամ առաջ երեխան չպետք է շատ ակտիվ լինի

Քնելուց առնվազն կես ժամ առաջ երեխան չպետք է շատ ակտիվ լինի, որպեսզի  վատ երազներ չտեսնի` մասնագետի խորհուրդն է:

Իսկ հանգիստ քնելու համար  երեխան պետք է սիրի իր մահճակալն  ու սովորի ինքնուրույն քնել: Երբ երեխան գիշերն արթնանում է ու տեսնում, որ նույն միջավայրում է, որտեղ քնել է, նորից հանգիստ քուն է մտնում առանց ծնողներին անհանգստացնելու:

Իսկ երբ ծնողը երեխային գիշերն արթնանալիս գրկում է, կերակրում կամ ջուր տալիս, երեխան այդպես էլ սովորում է: Այնպես որ, պետք չէ փոքրիկի քնելու և արթնանալու պահին նրա կողքին լինել, դա նրան  միայն կախման մեջ է գցում:

 

7 ամսական Դավիթին մայրն ամեն օր զբոսանքի է տանում, որպեսզի մաքուր օդին երեխան հանգիստ քնի: Նրա ընկերուհին էլ ամեն օր այգում միանում է նրան: Այս շրջանում փոքրիկների մայրերին հուզում է նրանց քունը: Ընկերուհու   երեխան 6 ամսական է, քնում է 2-3 ժամը մեկ:

Նորածնային շրջանում երեխան քնում է 15-20 ժամ, աստիճանաբար` ավելի կարճ` վստահեցնում է մանկաբույժը: Քունը նպաստում է փոքրիկի  աճին:  Երեխայի քնի տևողությունն անհատական է:

Մանկաբույժ Սուսաննա Հարությունյանն ասում է, որ ամեն  երեխա ունի իր քնելու և արթնանալու ժամը, և դա կարելի է մի փոքր կարգավորել, բայց փոխել քնի տևողությունը ծնողներին քիչ է հաջողվում, և ընդհանրապես պետք չէ քնի տևողությունը փոխել:

Նրան  պետք չէ ստիպել, որ քնի հատկապես ցերեկը:  Ցերեկային քնի կարիք ունեն մինչև 3 տարեկան երեխաները: Բայց ցերեկային քունն այնքան կարևոր չէ, որքան գիշերայինը:

«Եթե երեխան կտրականապես հրաժարվում է ցերեկը քնելուց, կամ ցերեկը  քնելու պատճառով փոքրիկն ավելի վատ է քնում գիշերը, ուրեմն երեխային պետք  չէ ցերեկը քնեցնել»,-ասում է մանկաբույժը:

 

Արմնյուզ TV

Բուժակ