«Չեմ ուզում», «Չեմ անի», «Ո՛չ»․ եթե այս բառերը դարձել են ձեր երեխայի ամենօրյա պատասխա՞նը, մի շտապեք դա համարել անհնազանդություն։
Հատկապես 1,5–3 տարեկանում «ոչ» ասելը կարող է լինել ինքնուրույնությունը զարգացնելու բնական դրսևորում։ Երեխան փորձում է ինքնուրույն որոշումներ կայացնել, արտահայտել ցանկությունները և հասկանալ իր սահմանները։
Ինչպե՞ս արձագանքել։ Ահա 5 գործնական խորհուրդ՝
1. Մի՛ վերածեք ամեն ինչ վեճի։ Փորձեք հանգիստ արձագանքել և խուսափել երկար համոզելուց կամ սպառնալուց։
2. Առաջարկեք երկու տարբերակ։ «Հագնելու ես կապո՞ւյտ, թե՞ կարմիր շապիկը»։ Այսպես երեխան ընտրության հնարավորություն կունենա, իսկ դուք կպահպանեք անհրաժեշտ սահմանը։
3. Հստակ ասեք՝ ինչ եք ակնկալում։ «Մի՛ վազիր» ասելու փոխարեն՝ ասեք․ «Խնդրում եմ՝ տանը քայլիր»։ Կարճ և հասկանալի հրահանգներն ավելի արդյունավետ են։
4. Նախապես զգուշացրեք փոփոխությունների մասին։ Եթե երեխան խաղում է, մի՛ ընդհատեք հանկարծակի։ Ասեք․ «Հինգ րոպեից հավաքում ենք խաղալիքները»։
5. Նկատեք համագործակցությունը։ Երբ երեխան համաձայնում է կամ փորձում է կատարել խնդրանքը, նշեք դա․ «Շնորհակալ եմ, որ հավաքեցիր խաղալիքներդ»։
Հիշե՛ք․ երեխայի «ոչ»-ը միշտ չէ, որ նշանակում է անհնազանդություն։ Երբեմն դա ինքնուրույնություն ձեռք բերելու փորձ է։ Ծնողի խնդիրն ամեն ինչում համաձայնություն ստանալը չէ, այլ օգնել երեխային սովորել արտահայտել իր ցանկությունները՝ միաժամանակ հարգելով հստակ սահմանները։
Աղբյուրը՝ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա և ՅՈՒՆԻՍԵՖ



