Փողն ու երեխաները․ ե՞րբ, ի՞նչ սկզբունքով և որքա՞ն գումար պետք է տալ փոքրիկին

Դաստիարակություն

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։

1. Ո՞ր տարիքում պետք է երեխային ներկայացնել փողը։


- Երեխան գումարի հետ սկսում է շփվել, երբ հաճախում է դպրոց։ Այդ ժամանակ է, որ որոշ ծախսերի համար գումար ենք տրամադրում՝ ուտելիք, երթուղային, ջուր և այլն։ Բայց մինչև այդ էլ երեխան կարող է գնալ խանութ, գնել որոշ բաներ։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ այդ շփումը սկսվում է նախադպրոցական տարիքից։

 

2. Ինչպե՞ս բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում գումարը։


- Գումար ասելով՝ այն, ինչ հասկանում ենք մենք, բնականաբար, երեխան չի հասականում։ Նրա համար դա թղթի կտոր է, որով կարելի է ինչ-որ բան գնել։ Նախադպրոցական շրջանում և դպրոցում երեխային բացատրում ենք, որ այսքան գումարով կարելի է գնել սա։ Ավելի շատ խնդիր է առաջանում այն դեպքում, երբ մտածում ենք՝ պետք չէ երեխային գումար տալ, նրա մոտ պետք չէ խոսել գումարից։ Նա պետք է հասկանա, որ դա ընդամենը միջոց է՝ մեզ անհրաժեշտ սնունդը, իրերը և այլ կենսական պահանջ ներկայացնող իրեր գնելու համար։

 

3. Կարելի՞ է, արդյոք, նախադպրոցական տարիքի երեխային գումար տալ։


- Այո՛, հաճախ երեխաները ցանկանում են ընդօրինակել մեծահասակներին, և խանութ գնալիս իրենք են գնումներ կատարում։ Դա նորմալ է։ Կարելի է գումարը տալ երեխային, ասել՝ ընտրի՛ր, թե ինչ ես գնելու և վճարի՛ր։ Դա ընդամենը հմտություն է։

 

4. Իսկ դպրոցահասակ երեխաների դեպքում ինչպե՞ս պետք է որոշել տրվող գումարի չափը։


- Հաճախ նախադպրոցական տարիքի երեխային մենք գումար ենք տալիս, որ հավաքի՝ հետագայում իր համար ինչ-որ բան գնելու նպատակով։ Պետք չէ, որ գումարը երեխայի համար ասոցացվի իդեայի կատարման հետ։ Այդ տարիքում երեխայի համար իդեայի իրականացումը պետք է կապվի խաղերի և այլնի հետ։ Դպրոցահասակ երեխաներին հիմնականում տրվում է մինիմում գումար, այսինքն՝ սնվելու և ջրի համար, ոչ ավել։ Ավել գումար տրամադրելու դեպքում երեխան կարող է սխալ տնօրինել և ծախսել այլ բաների վրա։ Երեխան պետք է սովորի, որ պետք է ծախսի այնքան, ինչքան անհրաժեշտ է, ոչ թե այնքան, ինչքան ինքն է ցանկանում։ Այսինքն՝ այս կերպ սովորեցնում ենք էկոնոմիկա, տնտեսվարություն, որը շատ կարևոր հմտություն է։

Շարունակելի

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ