Փոքրիկին ծանոթացնում ենք եղանակային փոփոխություններին

Զարգացում

Ձեր փոքրիկը գիտի՞, թե քանի եղանակ ունի տարին, կարողանո՞ւմ է տարբերակել, թե որ եղանակն է հիմա:

Ստորև ներկայացված դրույթներին ուշադրություն դարձնելով` Ձեր փոքրիկին սովորեցրեք տարբերակել եղանակներն ըստ նշանների: Թող նաև թվարկի, թե որ եղանակին ինչ հատկանիշներ են բնորոշ:

Գարուն

  • Արևը ավելի վառ է փայլում, այժմ նրա ճառագայթներն ավելի տաք են («Ապա, դեմքդ պահիր արևին, տա՞ք է» ),
  • Եղանակը տաքանում է («Այժմ պետք է հագնենք ավելի թեթև վերնահագուստ»),
  • Հալչում է ձյունը, հոսում են առվակները («Տես` ինչքան քիչ ձյուն կա հիմա, այն  հալչում է և վերածվում ջրի»,  կարող եք փոքրիկին առաջարկել, որ  դիպչի  թաց ձյանը),
  • Ծաղկում է առաջին ծաղիկը (Ցույց տվեք նրան ձնծաղիկները),
  • Ծառերի վրա բողբոջներ են հայտնվել, առաջին խոտը ձնհալից հետո (Կարող եք փոքրիկի հետ  օրեցօր հետևել ծառերի ծաղկմանը, ծաղկանոցից գարնանային ծաղիկներ  տուն բերել ),
  • Հայտնվում են միջատները («Ահա, տեսնում ես առաջին թիթեռնիկը սկսեց թռչել»),
  • Կենդանիները դիմավորում են գարունը (Ասեք փոքրիկին, որ վերադառնում են թռչունները, անտառում արթնանում է արջը, նապաստակի մորթին նորից մոխրագույն է դառնում):

Ամառ

  • Շոգ է (այժմ կարելի է հագնել կիսաշրջազգեստ կամ կարճ տաբատ),
  • Շողում է արևը, և նրա ճառագայթներն էլ ավելի տաք են (Առաջարկեք փոքրիկին  ձեռք տալ արևից տաքացած քարերին  կամ ավազին) ,
  • Ծառերը տերևակալած են, շուրջը ամբողջությամբ կանաչ է (Նայիր` ինչքան կանաչ տերևներ կան ծառերի վրա: Ամենուրեք կանաչ է, և ծաղկում են ծաղիկները),
  • Հասնում են մրգերը և հատապտուղները («Նայիր` ինչ մեծ և կարմիր է ելակը, համտեսիր ինչ քաղցր է),
  • Շատացել են միջատները (Այնպես արեք, որ փոքրիկն  ուշադրություն դարձնի զատինկերին, մրջյուններին, թիթեռներին, խխունջներին):

Աշուն

Փոքրիկի ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, որ  բնության մեջ կատարվում են փոփոխություններ՝

  • ցրտում է («Տես փոքրիկս, պետք է ավելի տաք վերնահագուստ հագնել և գլխարկ դնել»),
  • հաճախ անձրևներ են գալիս  («Պահիր թաթիկդ,  զգո՞ւմ ես անձրևի կաթիլները: Պետք է անձրևանոց վերցնենք»),
  • անձրևից հետո փողոցներում ջրափոսեր են առաջանում («Անհրաժեշտ է հագնել ռետինից կոշիկներ, որպեսզի ոտիկներդ չթրջվեն»),
  • ծառերի տերևները դարձել են գազարագույն և դեղին («Արի հավաքենք տարբեր գույնի տերևներ և դրանցով փունջ պատրաստենք»),
  • ուժեղ քամի է («Տեսնու՞մ ես, թե ինչպես է քամին պոկում ծառից տերևները և անգամ կարող է մեզ էլ այս ու այն կողմ հրել»),
  • թաքնվել են միջատները («Որտեղ են  թիթեռները, մրջյունները, ինչ որ վաղուց դրանց չենք տեսել),
  • թռչունները չվում են այնտեղ, որտեղ ավելի տաք է («Տեսնում ես, թե երկնքում  ինչքան շատ թռչուններ կան, սա կոչվում է երամ»),
  • անտառում կենդանիները պատրաստնում են ձմռանը (Պատմեք փոքրիկին, որ սկյուռիկները ձմեռվա համար սնկերից պաշար են հավաքում, արջերը երկար քուն մտնելուց առաջ շատ ուտում են և իրենց համար որջ  են կառուցում, նապաստակի մորթին սպիտակ է դառնում, որպեսզի ձյան վրա աննկատ մնա):

Ձմեռ

Թող փոքրիկը ուշադրություն դարձնի եղանակի հիմնական փոփոխությունների վրա՝

  • Ցուրտ, սառնամանիք («Նայիր` ինչ նախշեր է նկարել սառնամանիքը պատուհանի վրա: Պետք է հագնենք տաք բաճկոն, գլխարկ, ձեռնոց և շարֆիկ)
  • Ձյուն է գալիս («Տեսնո՞ւմ ես,  ամբողջը սպիտակ ձնով է պատվել՝ ծառերը, փողոցը, տունը»)
  • Լճակները և գետակները սառույցով են պատվել («Ամռանը այստեղ ջուր էր, իսկ հիմա այն պատվել է սառույցով»)
  • Մերկացել են ծառերը («Նայիր,  տես կան արդյո՞ք տերևներ ծառերի վրա»),
  • Թռչունները մարդկանց տներին են մոտենում` կեր գտնելու հույսով (Փոքրիկի հետ նրանց համար փոքրիկ բույն պատրաստեք կամ կերակրվելու տեղ և հետևեք ընթացքին):

 

Նյութն ըստ parenting.ru կայքի

Գովազդ