5 հետաքրքիր խաղ, որոնք չեն պահանջում գումար ու ջանքեր - մաս 1

Ժամանց

Մայրիկը որոշում է երեխայի հետ գնդակով խաղալ, սակայն պարզվում է՝ գնդակը վնասվել է, և տվյալ պահին դա անհնար է: Ի՞նչ անել: Պետք է այլ խաղ մտածել փոքրիկի ժամանցի համար: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը ներկայացնում է մի քանի խաղ, որոնք կապահովեն ժամանց, չեն պահանջի գումար, կնպաստեն երեխայի զարգացմանն ու  ծնող-երեխա հարաբերությունների լավացմանը: 

  1. Կա՛նգ առ, շարժվի՛ր, վազի՛ր

Խաղի իրագործման երկու տարբերակ կա՝ գունային և ձայնային: Առաջինի դեպքում սպիտակ թղթից կտրում ենք քարտեր, ներկում լուսացույցի գույներով՝ կարմիր, դեղին, կանաչ: Եթե երեխան քայլում է, վազում, բղավում, ապա  կարմիրը տեսնելուն պես պիտի կանգ առնի նույն դիրքում: Երբ ցույց ենք տալիս դեղինը, նա սկսում է դանդաղ շարժվել, ցածր խոսել: Երբ ցույց ենք տալիս կանաչը, նա կարող է արդեն վազել: Գրեթե նույն սկզբունքով իրականացնում ենք տվյալ խաղի ձայնային տարբերակը: Երեխային պարզապես ասում ենք բառերով՝ «կանգնի՛ր», «շարժվի՛ր», «դանդաղ», «արագ»: Այս խաղը կարելի է նաև խմբով խաղալ, դրանում ընդգրկել տան մյուս անդամներին:

 

  1. Լվանա ՞նք...

Երեխան լվանում է ձեռքերն ու այդ ընթացքում արտասանում, իր տիկնիկին լողացնում: Ջրի հետ խաղալը ոչ միայն զվարճալի է փոքրիկի համար, այլև հանգստացնում է նրան, թուլացնում:  Երբեմն ծնողները, չկարողանալով երեխային կտրել ջրից, նրան չեն թողնում մոտ գնալ ջրին, խաղալ դրա հետ: Նման իրավիճակներից խուսափելու, անցումը հեշտացնելու համար ծնողները կարող են փոքրիկին ասել՝ «հիմա լվանում ենք ափսեները կամ լողացնում տիկնիկին, ապա տանում չորացնելու»: Ծնողի գործն ավելի է հեշտանում, երբ փոքրիկը նստում է վաննայի մեջ, սիրով լողանում ու զուգահեռ լողացնում իր խաղալիքները:

 

  1. Գուշակիր իրը

Ծնողը սենյակում սփռոցի վրա շարում է մի քանի իր: Երեխան պետք է փակի աչքերն ու շոշափի դրանք: Այնուհետև ասի՝ ինչ իր է, կոնկրետ որ սենյակից է բերվել: Սա թույլ է տալիս զարգացնել շոշափելիքը: Նույնը կարելի է կրկնել մթության մեջ: Դա կօգնի հաղթահարել մթության նկատմամբ ունեցած վախերը: Խաղը կարելի է կիրառել նախադպրոցականների, կրտսեր դպրոցականների համար: Կամ ծնող-խաղավարը տարբեր չափերի ու քանակի իրեր է դնում սեղանին, օրինակ՝ 10 իր: Երեխան ընդհանուր նայում է, ապա աչքերը փակում: Խաղավարը վերցնում է մեկն ու պահում, խառնում մնացածը: Երեխան պետք է գուշակի, թե որն է պահված իրը:     

 

Շարունակելի

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան  

Գովազդ