Ականջի մեջ առաջացող ծծումբը կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում։ Ականջում դրա հայտնվելը ֆիզիոլոգիական երևույթ է։
Ծծբագեղձերը քրտնագեղձերի փոփոխված տեսակներ են, որոնք գտնվում են լսանցքի արտաքին մասում: Սովորաբար ծծումբն առաջանում է ինքնուրույն, ծամելու պրոցեսի կամ էլ խոսելու ընթացքում: Ծծմբի ինչ-որ քանակ հարկավոր է, որպեսզի ականջներում պահպանվի անհրաժեշտ միկրոֆլորան։
Այս երևույթի դեմ պայքարել պետք չէ։ Ձեր խնդիրն է հեռացնել ծծմբի երևացող հատվածը, հակառակ դեպքում ականջի մեջ ծծմբի խցաններ կառաջանան։
Ի՞նչ ֆունկցիա է կատարում ծծումբը։
Ծծումբը միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում։ Դրանցից հիմնականը ականջների պաշտպանությունն է: Ծծումբը ոչ միայն պաշտպանում է արտաքին ականջի լսանցքի մաշկը միկրովնասվածքներից, այլև լսանցքի պատերը ցավածին մանրէների ներթափանցումից:
Եթե երեխան հիվանդ է, ու նրա մոտ ուժեղ թունավորման ախտանշաններ են, ապա, իհարկե, նրա մոտ առատ քրտնարտադրության հետ նաև առատ ծծմբարտադրություն է առաջանում: Այդպիսով օրգանիզմը դուրս է բերում տարբեր հիվանդածին նյութեր:
Ե՞րբ է ակտիվանում ծծումբի արտադրությունը։
Փոքրիկի ականջում ծծմբի արտահոսքն ակտիվանում է մի քանի դեպքերում, երբ՝
Ա․ լողացնում եք երեխային (քանի որ երեխայի գլուխը տաք ջրով լվանալուց հետո արյունատար անոթները լայնանում են, և ծծմբագեղձերը իրենց ակտիվ գործունեությամբ արձագանքում են դրանց),
Բ․ականջի մեջ փոշի կամ որևէ միջատ է հայտնվում,
Գ․միջին ականջի հիվանդությունների դեպքում։
Ինչո՞վ է վտանգավոր ծծմբային խցանը
Առաջին հերթին դա վտանգավոր է ու տհաճ նրանով, որ լսողության վատացում է առաջացնում։ Վիճակն ավելի է խորանում, երբ խոնավության (լողանալուց հետո) պատճառով խցանն ուռչում է ու լրիվ փակում լսանցքը:
Եթե երեխայի ականջի մեջ ծծմբի խցան է առաջացել, մի փորձեք ինքնուրույն հեռացնել այն։ Իրականում կարող եք ավելի մեծ վնաս հասցնել երեխային։ Խցանի հեռացման ժամանակ այն կարող է ավելի խոր գնալ` վնասելով թմբկաթաղանթը, որն էլ հետագայում կարող է միջին ականջի բորբոքման պատճառ լինել: Ուստի խցանից ինքնուրույն ազատվել խորհուրդ չի տրվում: Հիմնականում դա հանգեցնում է վիճակի վատթարացման: Պետք է անպայման դիմել մասնագետի օգնությանը։
Ոչ մի պարագայում առանց բժշկի իմացությոն չի կարելի օգտագործել ականջի կաթիլներ։
Ականջների ծծմբային խցանը հեռացնող կաթիլների ինքնակամ կիրառումը կարող է առաջացնել մի շարք բարդություններ։
Աղբյուրը՝ «3-7 տարեկան երեխայի խնամքը» ձեռնարկ, www.med-practic.com կայք



