Հետագայում առողջ ատամներ ունենալու համար ծնողները պետք է երեխայի բերանի խոռոչի հիգիենայի մասին մտածեն դեռ վաղ տարիքից։ Ո՞ր տարիքից սկսած պետք է հետևել ատամների խնամքին և ինչպե՞ս խուսափել հետագայում առաջացող խնդիրներից, ներկայացնում է մանկական ստոմատոլոգ Աննա Մաթևոսյանը:
Երեխայի լույս աշխարհ գալու առաջին իսկ օրերից պետք է մտածել նրա բերանի խոռոչի առողջության մասին: Մինչև 6 ամսականը, երբ երեխան դեռևս ատամներ չունի, պետք է պարզապես թանզիֆը փաթաթել մատին և մաքրել երեխայի բերանի խոռոչը, լնդերը: Եվ քանի որ այդ ամիսներին երեխան բացառապես սնվում է կաթով, պետք է լնդերն ու ատամները մաքրել կաթի մնացորդներից, քանի որ այն ազդում է բերանի խոռոչի միկրոֆլորայի վրա:
Հիմնականում 5-6 ամսականում, երբ սկսում են ատամները ծկթել, երեխայի լնդերը քոր են գալիս։ Քորը մեղմելու համար նախատեսված են տարբեր պարագաներ` խաղալիքներ կամ հատուկ նախատեսված քորիչներ։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել այդ պարագաների հիգիենային: Ցանկալի է ատամի խնամքի համար նախատեսված պարագաները, խաղալիքները օգտագործելուց առաջ լվանալ օճառով և տաք ջրով, այնուհետև տալ երեխային:
Ատամների ծկթման պահից պետք է հետևողականորեն զբաղվել ատամների խնամքով, մաքրել հատուկ նախատեսված խոզանակներով, որոնց մազիկները բավականին ամուր են, և կուլ տալու հավանականությունը քիչ է: Բացի դրանից, ցանկալի է ընտրել այնպիսի խոզանակներ, որոնք ունեն ոչ հավասար շարվածքով մազիկներ և ավելի մանրակրկիտ են մաքրում ատամները:
Ինչ վերաբերում է կաթնատամների խնամքին, այն մաքրելու ևս մի քանի միջոց կա: Քանի որ մինչև 3 տարեկանը չի թույլատրվում ատամի մածուկ օգտագործել, կան մատնոցներ, որոնք նախատեսված են կաթնատամները մաքրելու համար:
Փոքր տարիքում երեխաների մոտ հանդիպող ամենամեծ խնդիրը ծծակային կարիես ասվածն է, որը առաջանում է առջևի ատամների վզիկային հատվածում: Այդ իսկ պատճառով արդեն 2 տարեկանում, երբ երեխայի մոտ ձևավորվոում է բերանի և ատամների ամբողջական կծվածք, ծծակների օգտագործումը ցանկալի չէ, քանի որ երեխան պետք է սովորի ծամել` զարգացնելով ծամելու ունակությունը: Ծծակի բավականին երկար օգտագործումը կարող է հանգեցնել բերանի ոչ ճիշտ կառուցվածքի ձևավորմանը: Մայրիկներից շատերը երեխաներին գիշերը քնեցնում են ջրի կամ կաթի շշով, այնինչ երեխան պետք է սովորի, որ քնելուց առաջ՝ ատամները մաքրելուց հետո, չի կարելի ո´չ ուտել, ո´չ խմել: Եվ դեռևս փոքր տարիքից երեխայի մոտ պետք է զարգացնել ատամները խնամելու ռեֆլեքսը:
Ի սկզբանե երեխային տարբեր խաղերի միջոցով պետք է բացատրել, սովորեցնել ատամների խնամքի անհրաժեշտության և կարևորության մասին: Օրինակ՝ կարող եք տիկնիկի ատամները լվանալ: Եթե երեխան արդեն կարողանում է ինքնուրույն ատամները լվանալ, կարող եք քնելուց առաջ միասին կատարել այդ գործողությունը։
Մայրիկները պետք է ուշադրություն դարձնեն ցանկացած խնդրի, որից երեխան գանգատվում է, և հատկապես ատամնացավի դեպքում անպայման պետք է դիմել ատամնաբույժի, որովհետև միայն հետևողական վերաբերմունքն ու ժամանակին ցուցաբերվող օգնությունը կարող են երաշխավորել հետագայում գեղեցիկ, ամուր և առողջ ատամներ ունենալու հեռանկարը:
Հեղինակ՝ Նորա Հայրապետյան



