Ինչպես չիփս պատրաստել տնային պայմաններում. անվտանգ բաղադրատոմս

Երեխաները սիրում են համտեսել այն կերակրատեսակները, որոնք համարվում են արագ սնունդ և բոլորովին օգտակար չեն փոքրիկի օրգանիզմի համար:

Ավելին՝ դրանք կարող են խաթարել ստամոքսի աշխատանքը, ինչպես նաև օրգանիզմ մատակարարել անցանկալի հավելանյութեր ու սննդային բաղադրիչներ: Խոսքն այս դեպքում  նաեւ չիփսի մասին է: Հաճախ խանութում կտեսնեք չիփս պահանջող փոքրիկի, որի կամակորությունը կանխելու համար մայրիկը ստիպված գնում է կամ պարզապես չի մերժում երեխայի ցանկությունը:

«Իմ փոքրիկ»-ն այս բաղադրատոմսով կփորձի բավարարել թե փոքրիկի  և թե մայրիկի  պահանջը: Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում չիփս պատրաստելու տարբերակ, որից օգտվելով՝ կուրախացնեք փոքրիկին, դուք էլ չեք մտահոգվի, որ  նրան վնասակար սնունդ եք մատուցում։

Ինչ է հարկավոր

Լավաշ (2 հատ) - 200 գ

Բուսական յուղ - 2 ճաշի գդալ

Քաղցր կարմիր պղպեղ - 1.5 թեյի գդալ

Ինչպես պատրաստել

Լավաշը հարկավոր է մկրատով կտրատել խորանարդաձև: Այնուհետև ավելացնել բուսական յուղ և լավ խառնել ձեռքերով, որպեսզի բոլոր խորանարդիկները պատվեն բուսայուղով:

Համեմել պղպեղով: Դնել ջեռոցի մեջ, թողնել 7-10 րոպե 180 ջերմաստիճանի տակ:

Եթե ջեռոցն ունի հովացնելու ֆունկցիա, ապա վերջում կարելի է հովացնել չիփսերը ու ևս մեկ անգամ խառնել:

 

Բարի ախորժակ