Բավական է՝ փոքրիկը մի քիչ ջերմություն ունենա, ծնողները սկսում են անհագստանալ՝ շտապելով տարբեր միջոցներ ձեռնարկել, որոնցից ամենահաճախ օգտագործվողը ջերմիջեցնողներն են: Իհարկե, ջերմիջեցնողները կարող են օգնել փոքրիկին ազատվել ջերմությունից, բայց միշտ չէ, որ երեխային ճիշտ չափաքանակով, ճիշտ պարբերականությամբ և անհրաժեշտ դեղորայք են տալիս։ Բացի դրանից, կարևոր է իմանալ՝ ո՞ր դեպքերում կարելի է երեխային ջերմիջեցնողներ տալ: Այս թեմայով «Իմ փոքրիկը» զրուցել է մանկաբույժ Լուսինե Ավետյանի հետ:
Մանկաբույժի խոսքով՝ ջերմիջեցնողները դառնում են անհրաժեշտ, երբ փոքրիկը 38 և ավելի բարձր աստիճանի ջերմություն է ունենում, անհանգիստ վիճակում է լինում, սկսում է նվնվալ, լացել: Նման պարագայում անհրաժեշտ է «պարացետամոլ» պարունակող դեղորայք տալ փոքրիկին, հատկապես եթե նա մինչև 3 ամսական է: Ջերմիջեցնողի դեղաչափը որոշվում է ոչ միայն ըստ տարիքի, այլև ըստ քաշի: Միջինում թույլատրելի չափաքանակը 10-15 մգ-ն է: Առանձին դեպքերում հարկավոր է խոհրդակցել բժշկի հետ: Եթե դեղորայքի ընդունումից հետո փոքրիկի ջերմությունը չի իջնում, պետք չէ անընդմեջ դեղեր տալ նրան: Ջերմիջեցնող տալուց հետո անհրաժեշտ է 1,5-2 ժամ սպասել:
Եթե երեխայի ջերմությունը շարունակում է նույնը մնալ, իսկ վերջին ընդունած դեղից չի անցել 6-8 ժամ, հարկավոր է այլ խմբի դեղորայք առաջարկել, օրինակ՝ իբուպրոֆեն պարունակող։ Ու հարկավոր է հաշվի առնել, որ այն տալիս են 10 մգ հաշվարկով: Տարածված կարծիք կա նաև, որ բարձր ջերմության դեպքում պետք է երեխայի մաշկը շփել սպիրտով կամ քացախով: Մանկաբույժի խոսքով՝ սա սխալ մոտեցում է: Նման պարագայում պարզապես անհրաժեշտ է շատ հեղուկներ տալ երեխային՝ ջրազրկումից խուսափելու համար:
Հեղինակ՝ Նորա Հայրապետյան



