Փոքրիկի հետ արդյունավետ ժամանակ անցկացրեք
Կապի մեջ եղեք, անընդհատ շփվեք ձեր փոքրիկի հետ:
Փոքրիկները ամաչկոտ են դառնում, երբ ավելի քիչ են շփվում ծնողների հետ: Ուստի ծնողներն ամեն օր պետք է իրենց փոքրիկների հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն: Հաղորդակցվեք նրանց հետ, հարցեր տվեք, որոնց պատասխանելիս փոքրիկը կպատմի, թե ինչպես է անցել իր օրը, ինչով է զբաղվել մանկապարտեզում կամ դպրոցում, ինչ նոր բան է սովորել և այլն:
Բացահայտեք փոքրիկի ունակությունները
Փորձեք բացահայտել, թե փոքրիկն ինչ ունակություններ ունի իր մեջ: Հնարավորություն տվեք, որ նա դրսևորի իրեն այլոց ներկայությամբ: Նաև նրան որոշակի պատասխանտու հանձնարարություններ տվեք և գովեք, երբ նրա մոտ ամեն ինչ ստացվում է: Օգնեք, որ նա հասկանա, թե որքան են մարդիկ գնահատում իր ունակությունները:
Օրինակ ծառայեք ձեր փոքրիկին
Երեխաները մեծապես ազդվում են շրջապատող աշխարհից: Դուք պետք է գործուն օրինակ ծառայեք ձեր փոքրիկի համար: Պատրաստեք իրավիճակների ցանկ, որում ձեր փոքրիկն իրեն հարմարավետ է զգում և երկրորդ ցանկում էլ ընդգրկեք իրավիճակները, երբ նա իրեն անհարմար է զգում: Այժմ պետք է աշխատեք բացասական կետերի վրա: Փորձեք այնպես անել, որ այդ բացասական կետերն աստիճանաբար ընդգրկվեն 1-ին`հարմարավետ իրավիճակների ցուցակում: Ծնողները պետք է անկեղծ լինեն իրենց երեխաների, ինչպես նաև հասարակության այլ ներկայացուցիչների նկատմամբ: Օրինակ, գովեք այլ մարդկանց, երբ նրանց վերաբերմունքը ձեր դուրը գալիս է: Հիշեք, որ երեխաները լավ բաները միայն իրենց ծնողներից են սովորում:
Խրախուսեք ձեր փոքրիկի`սոցիալական էակ լինելը
Ինքներդ ներգրավվեք հասարակական ակտիվ գործունեությունում և սովորեցրեք ձեր փոքրիկին, թե ինչպես իրեն պահի հասարակությունում: Եթե ձեր երեխան սխալ է անում, մարդաշատ վայրում, բոլորի առջև նրան ամոթանք մի տվեք: Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր փոքրիկի վրա: Երեխաների 50 տոկոսի մոտ ամաչկոտության պատճառը հենց ծնողների ամաչկոտությունն է: Եթե ուզում եք, որ ձեր փոքրիկն ամաչկոտ չլինի, նախ և առաջ աշխատեք ձեզ վրա:
Վաղ հասակից սոցիալական վարք ձևավորեք
Ծնողները պետք է երեխայի սոցիալական դաստիարակությունը սկսեն վաղ հասակից: Ամաչկոտությունը ժամանակի ընթացքում աճում է, եթե վաղ հասակում այն չեն բուժում: Փոքրիկի համար խաղի օրեր որոշեք, երբ նա կկարողանա նոր մարդկանց հետ հաղորդակցվել: Նաև սովորեցրեք նրան, թե ինչպես խոսի խմբում և ինչպես դուրս գա խմբից: Նրան սովորեցրեք, թե ինչքան կարևոր են լավ ընկերները և թե ինչպես կարող է ընկերներ ձեռք բերել: Սոցիալական հմտությունները զարգացնելը սկսեք ձեր տնից, ստեղծեք առողջ միջավայր նրա համար, ձեր ընկերներին կամ հարազատներին երբեմն ճաշի հրավիրեք: Սոցիալական վարքը սովորական առօրյայի մի մասը դարձրեք: Հիշեք, որ ամաչկոտությունը հիվանդություն կամ թուլություն չէ, այն հեշտությամբ կարելի է հաղթահարել կրեատիվ մոտեցման դեպքում:
Հաջողություն :
Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Նյութն ըստ parentingnation.in կայքի