Ցանափոշի (присыпка), կրեմ, շամպուն․ ինչպե՞ս ընտրել մանկական հիգիենայի պարագաներ

Խնամք

Փոքրիկների` հատկապես նորածինների մաշկը չոր է, քանի որ ճարպագեղձերը դեռևս բավարար քանակությամբ ճարպ չեն արտադրում, և մաշկը գրեթե պաշտպանված չէ արտաքին ազդակներից։

Մանկաբույժ Գոհար Քյարունցի խոսքով՝  վաղ նորածնային շրջանի խնամքի պարագաները պետք է լինեն մաքսիմալ անվտանգ և որքան հնարավոր է քիչ  քիմիական նյութեր պարունակեն։ Բժշկի օգնությամբ փորձել ենք պարզել՝ խնամքի ինչպիսի՞ պարագաներ պետք է օգտագործել։

 

Լոգանքի պարագաներ

Նորածնի համար նախատեսված լոգանքի ցանկացած պարագա չպետք է պարունակի օճառ, ներկանյութեր, հավելանյութեր, որոնք թեև անուշաբույր  են, բայց կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Այդ իսկ պատճառով գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ապրանքի բաղադրությանը, որտեղ նշված է գունանյութերի և հավելանյութերի առկայության մասին։ Այն շամպունները, գելերը, որոնց բաղադրության մեջ մատնանշվում է հիպոալերգեն բառը, նշանակում է, որ այն չի պարունակում օճառ։ Մանկական օճառները խորհուրդ է տրվում օգտագործել 6 ամսականից հետո։ Քանի որ նորածինները գլխի շրջանում հիմնականում չունեն լավ արտահայտված մազածածկույթ, նախատեսված հատուկ հեղուկները բավարար են և՛ մարմինը, և՛ գլխամաշկը լվանալու համար։

Կան երեխաներ, որոնց մաշկը ավելի զգայուն է, հետևաբար նրանց խնամքի համար պահանջվում են հատուկ նյութեր։ Օրինակ՝ ատոպիկ դերմատիտ ունեցող երեխաների մաշկի համար նախատեսված պարագաները պարունակում են գլիցերին, որը լրացուցիչ սնուցում է մաշկը։

 

Ցանափոշի

Ցանափոշիները կարելի է օգտագործել ավելի մեծ տարիքում՝ 6 ամսականից հետո, թեև հատկապես երեխաների սեռական օրգանների հատվածում մայրիկներն այն հաճախ են օգտագործում, որն այնքան էլ չի խրախուսվում։ Երբ երեխան միզում է, փոշու այդ մանր հատիկները կպչում են մաշկին՝ առաջացնելով խոշոր գնդեր, որոնք կարող են երկրորդային ինֆեկցիայի ներթափանցման պատճառ հանդիսանալ։

Նշենք, որ մարմնի մյուս հատվածներում ևս ցանկալի չէ ցանափոշի օգտագործել, քանի որ այն լրացուցիչ չորություն է հաղորդում փոքրիկի մաշկին։ Այն կարելի է օգտագործել ամռանը՝ 1 տարեկանից հետո, երբ կա քրտնարտադրություն։

 

Կրեմներ,  քսուքներ

Նախևառաջ պետք է տեսակավորել դրանք, քանի որ կան խոնավացնող, սնուցող կամ պաշտպանիչ քսուքներ՝ նախատեսված մարմնի տարբեր հատվածների համար։ Խոնավացնող քսուքները օգտագործվում են չոր մաշկի դեպքում՝ հատկապես ատոպիկ դերմատիտի ժամանակ։ Պաշտպանիչ կրեմները նախատեսված են ցուրտ կամ տոթ եղանակից (արևի սուր ճառագայթների պարագայում)  փոքրիկի նուրբ մաշկը պաշտպանելու համար։ Պաշտպանիչ քսուքներ պետք է ընտրել՝ ըստ եղանակի։ Օրինակ՝ ցուրտ եղանակի համար կան հատուկ կրեմներ, որոնք պարունակում են յուղանյութեր և պաշտպանում են մաշկը ցրտից և արտաքին ազդակներից։

Կան հատուկ կրեմներ, որոնք կարելի է օգտագործել տակդիրի հատվածում։ Դրանք ունեն խիտ բաղադրություն, ինչի շնորհիվ առաջանում է լրացուցիչ շերտ, որն էլ պաշտպանում է մաշկը մեզի կամ կղանքի մեջ պարունակվող նյութերից։ Պաշտպանիչ շերտը կանխում է նաև շփաբորբերի առաջացումը։ 

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Շարունակելի

Գովազդ