Հավելյալ սնունդ․ ինչից սկսել ու ինչպես

6 ամսականում կրծքի կաթը շարունակում է մնալ երեխայի սնուցման կարևորագույն աղբյուրներից մեկը, սակայն միայն այն արդեն բավարար չէ։ Երեխայի աճող պահանջները բավարարելու համար կրծքով կերակրմանը զուգահեռ անհրաժեշտ է սկսել նաև հավելյալ սնունդ տալ։

Ցանկալի է առաջին հավելյալ սնունդը տալ կրծքով կերակրելուց հետո կամ կերակրումների միջև, որպեսզի երեխան շարունակի հնարավորինս հաճախ կրծքի կաթ ստանալ։

Հավելյալ սնունդ սկսելու շրջանում հատկապես կարևոր է պահպանել հիգիենան։ Երեխան սողում է, ուսումնասիրում շրջապատը, իսկ ձեռքերի միջոցով մանրէները հեշտությամբ կարող են հայտնվել բերանում։ Սնունդ պատրաստելուց և յուրաքանչյուր կերակրումից առաջ ձեր և երեխայի ձեռքերը լվացեք օճառով։

Երեխայի առաջին սնունդը

6 ամսականում երեխան նոր է սովորում ծամել, ուստի առաջին սնունդը պետք է լինի փափուկ և հեշտ ծամվող։ Կարելի է առաջարկել շիլաներ, տրորված բանջարեղեն ու միրգ։

Չափազանց ջրիկ շիլան նվազ սննդարար է։ Այն պատրաստեք այնքան խիտ, որ գդալից չհոսի։

Կերակրեք երեխային, երբ նկատում եք քաղցի նշաններ, օրինակ՝ երբ նա ձեռքերը տանում է բերանը։ Սկսեք ընդամենը 2–3 գդալ փափուկ սննդից՝ օրական երկու անգամ։

Այս տարիքում երեխայի ստամոքսը դեռ փոքր է, հետևաբար նա յուրաքանչյուր կերակրման ժամանակ կարող է ուտել միայն փոքր քանակությամբ։

Նոր սննդի համը կարող է անսովոր լինել երեխայի համար։ Ժամանակ տվեք, որպեսզի նա ընտելանա նոր համերին։ Եղեք համբերատար և մի ստիպեք ուտել։ Եթե նկատում եք, որ երեխան կշտացել է, դադարեցրեք կերակրումը։

Երեխայի աճին զուգահեռ մեծանում է նաև նրա ստամոքսը, և նա աստիճանաբար կարողանում է ավելի շատ սնունդ ուտել մեկ կերակրման ընթացքում։

 

Աղբյուրը՝ UNICEF