6-8 ամսական երեխայի սնունդը
6-8 ամսականում երեխային օրական 2-3 անգամ տվեք մոտ կես բաժակ փափուկ սնունդ։ Այս տարիքում երեխան կարող է ուտել գրեթե ամեն ինչ։ Խոսքը, իհարկե, բացառապես առողջ սննդի մասին է, բացառությամբ մեղրի։
Մեղր խորհուրդ չի տրվում տալ մինչև 12 ամսական։ Կերակրումների միջև կարելի է ավելացնել նաև մեկ առողջ միջանկյալ սնունդ, օրինակ՝ տրորված միրգ։
Հավելյալ սննդի քանակի ավելացմանը զուգահեռ կրծքի կաթի չափը ցանկալի է պահպանել նույն մակարդակով։
9-11 ամսական երեխայի սնունդը
9-11 ամսականում երեխան կարող է ուտել մոտ կես բաժակ սնունդ՝ օրական 3–4 անգամ, ինչպես նաև ունենալ մեկ միջանկյալ սնունդ։
Այս շրջանում փափուկ սնունդը կարելի է արդեն ոչ թե տրորել, այլ մանր կտորների բաժանել։ Երեխան կարող է նաև սկսել ինքնուրույն՝ մատներով վերցնել և ուտել կերակուրը։
Շարունակեք կրծքով կերակրել ամեն անգամ, երբ երեխան քաղցած է։
Երեխայի ամենօրյա սննդակարգում ներառեք բանջարեղեն և միրգ, ընդեղեն և սերմեր, փոքր քանակությամբ կարագ, ինչպես նաև հատկապես կենդանական ծագման մթերքներ՝ կաթնամթերք, ձու, միս, ձուկ և թռչնամիս։
Բազմազան սնունդը մեծացնում է հավանականությունը, որ երեխան կստանա իրեն անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը։
Եթե երեխան հրաժարվում է նոր սննդից կամ դուրս է հանում բերանից, մի՛ ստիպեք ուտել։ Մի քանի օր անց նորից փորձեք։ Կարող եք նաև նոր մթերքը խառնել այն սննդի հետ, որը երեխան արդեն սիրում է,կամ վրան մի փոքր կրծքի կաթ ավելացնել։
Եթե երեխան կրծքի կաթ չի ստանում
Եթե երեխային կրծքով չեք կերակրում, նա պետք է ավելի հաճախ սնվի։ Անհրաժեշտ սննդարար նյութերը ստանալու համար նա ավելի շատ կախված կլինի այլ մթերքներից, այդ թվում՝ կաթնամթերքից։
· 6 ամսականից սկսեք հավելյալ սնունդ տալ այնպես, ինչպես կրծքով սնվող երեխային։ Սկզբում տվեք 2–3 գդալ փափուկ և տրորված սնունդ՝ օրական 4 անգամ։ Դա կօգնի լրացնել այն սննդարար նյութերը, որոնք երեխան այլ պարագայում կստանար կրծքի կաթից։
· 6-8 ամսականում տվեք մոտ կես բաժակ փափուկ սնունդ՝ օրական 4 անգամ, ինչպես նաև մեկ առողջ միջանկյալ սնունդ։
· 9-11 ամսականում տվեք մոտ կես բաժակ սնունդ՝ օրական 4–5 անգամ, ինչպես նաև երկու առողջ միջանկյալ սնունդ։
Աղբյուրը՝ UNICEF



