Կյանքի առաջին վեց ամիսներին երեխայի հիմնական սնունդը մայրական կաթն է: Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին, սակայն, փոքրիկի սննդացանկն աստիճանաբար հարստանում է և արդեն մեկ տարեկան հասակում պարունակում է բազմաթիվ պյուրեներ, մրգեր, բանջարեղեններ և այլն:
Սակայն երբեմն սխալ, չկարգավորված սննդակարգը կարող է խնդիրների պատճառ դառնալ, ուստի պետք է իմանալ, թե ինչով կարելի է կերակրել 10-12 ամսական երեխային և ինչ չի կարելի տալ նրան:
Կաթնամթերք
Կաթնամթերքը պարունակում է անփոխարինելի համարվող ճարպեր, ածխաջրեր, միներալներ, ամինաթթուներ: Կաթնաշոռում, կեֆիրում և կաթում պարունակվող կալցիումը և ֆոսֆորն օրգանիզմը հեշտությամբ է յուրացնում: Սակայն անգամ մեկ տարեկան երեխային ամեն տեսակի կաթնամթերք չէ, որ կարելի է տալ:
Փոքրիկի համար օգտակար է կեֆիրը, որը կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը:
Սակայն այս մթերքը բարձր թթվայնություն ունի և օրական 400 մլ ավել չի կարելի օգտագործել, այլապես կարող են առաջանալ խնդիրներ, որոնք կհանգեցնեն հեմոգլոբինի մակարդակի նվազեցման:
Կաթնաշոռ երեխային կարելի է տալ 10 ամսական հասակից սկսած: Մինչև 1,5 տարեկան հասակը երեխային կարելի է օրական տալ 50 գրամ կաթնաշոռ: Ցանկալի է երեխային տալ յուղազրկված կաթնաշոռ:
Մանկիկին կարելի է տալ միայն հատուկ, մանկական, քիչ ճարպեր և ածխաջրեր պարունակող յոգուրտ ութ ամսականից հետո միայն:
10 ամսականում երեխային կարելի է արդեն կենդանական կաթ տալ, սակայն զգուշացեք ալերգիկ ռեակցիայից: Կարելի է կաթը եռացնելիս ջրով բացել, նոր միայն տալ երեխային:
Ալերգիայից խուսափելու համար փոքրիկին քիչ տվեք նաև թթվասեր և պանիր:
Շիլաներ
Հատիկավորները բուսական սպիտակուցների, ածխաջրերի, միներալների, վիտամինների անփոխարինելի աղբյուր են: Ամենադիետիկ և միևնույն ժամանակ հարուստ բաղադրությամբ հատիկավորը համարվում է հնդկաձավարը (գրեչկա): Այն 6-7 ամսական հասակից արդեն տրվում է երեխային որպես հավելյալ կերակրատեսակ: Հնդկաձավարը գրեթե երբեք ալերգիա չի առաջացնում:
Օրգանիզմի կողմից հեշտ է մարսվում բրինձը: Այն նաև ոչ ալերգիկ կերակրատեսակ է: Սակայն բրինձը հարուստ չէ վիտամիններով և միներալներով:
Վարսակի շիլան ևս օգտակար է, սակայն վարսակը գլուտեն է պարունակում, որը երեխայի մոտ կարող է մաշկի կարմրություն, ցան առաջացնել: Նման պարագայում խորհուրդ է տրվում վարսակի շիլան հանել երեխայի սննդացանկից մինչև 1,5-2 տարեկան հասակը:
Եգիպտացորենի շիլան վիտամիններ քիչ է պարունակում, փոխարենը հարուստ է միներալներով, որոնք հարկավոր են նյարդային համակարգի զարգացման համար: Պարունակվող կրախմալի շնորհիվ եգիպտացորենի շիլան շուտ է կշտացնում:
Մակարոնեղեն երեխայի սննդացանկում կարելի է ավելացնել 11 ամսականից 1 տարեկան հասակում:
Շարունակելի
Նյութն ըստ mamam-papam.ru կայքի