Երեխայի առողջ ժպիտը սկսվում է ճիշտ խնամքից ու ժամանակին այցելություններից մանկական ստոմատոլոգի մոտ։
Խնամք
Ինչպե՞ս խնամել երեխայի լնդերն ու նոր ծկթող ատամները
Պե՞տք է մաքրել երեխայի լնդերը մինչև ատամների ծկթելը
Այո՛։ Նույնիսկ եթե երեխան դեռ ատամ չունի, ցանկալի է պարբերաբար մաքրել նրա լնդերը։
Օգտագործեք մաքուր, փափուկ և խոնավ կտոր կամ թանզիֆ։ Այն փաթաթեք մատին և շատ նրբորեն մաքրեք երեխայի լնդերը։ Այս փուլում ատամի մածուկի կարիք չկա։
Այս սովորությունը նաև օգնում է, որ երեխան հետագայում ավելի հեշտ ընդունի ատամները խոզանակով մաքրելու գործընթացը։
Ինչպե՞ս մաքրել առաջին ատամները
Առաջին ատամները սովորաբար սկսում են ծկթել մոտ 6 ամսականից, թեև յուրաքանչյուր երեխայի դեպքում ժամկետը կարող է տարբեր լինել։
Առաջին ատամի հայտնվելուն պես կարելի է օգտագործել մանկական փոքր գլխիկով և շատ փափուկ խոզանակ։
Ատամները մաքրեք օրական 2 անգամ՝ առավոտյան և քնելուց առաջ։ Մաքրեք յուրաքանչյուր ատամի թե՛ արտաքին, թե՛ ներքին մակերեսը։ Հնարավորության դեպքում կարելի է նրբորեն մաքրել նաև լեզուն։
Երբ խոզանակի մազիկները մաշվում կամ ծռվում են, այն փոխարինեք նորով։
Որքա՞ն ատամի մածուկ օգտագործել
Առաջին ատամից սկսած՝ մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ֆտոր պարունակող ատամի մածուկ, բայց շատ փոքր քանակությամբ՝ մոտավորապես բրնձի հատիկի չափով։
Այս քանակը բավարար է ատամները պաշտպանելու համար և նվազեցնում է երեխայի՝ չափազանց շատ ֆտոր կուլ տալու հավանականությունը։
Ինչո՞ւ է ֆտորը կարևոր
Ֆտորն ամրացնում է ատամի էմալը և օգնում պաշտպանել այն կարիեսից։
Երեխան ֆտոր կարող է ստանալ ատամի մածուկից, խմելու ջրից, ինչպես նաև ատամնաբույժի կողմից կիրառվող ֆտորային պաշտպանիչ նյութերից։
Միաժամանակ, ֆտորի չափազանց մեծ քանակը ցանկալի չէ, ուստի հավելումներ պետք է տալ միայն մանկաբույժի կամ ատամնաբույժի խորհրդով։
Ե՞րբ առաջին անգամ այցելել ատամնաբույժի
Խորհուրդ է տրվում երեխային ատամնաբույժի մոտ տանել առաջին ատամի հայտնվելուց հետո վեց ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մեկ տարեկանում։
Առաջին այցի նպատակն առավելապես կանխարգելումն է․ բժիշկը գնահատում է ատամների և լնդերի վիճակը, խորհուրդ տալիս ճիշտ խնամքի և սննդի վերաբերյալ ու անհրաժեշտության դեպքում կիրառում ֆտորային պաշտպանություն։
Ո՞ր սնունդն է մեծացնում կարիեսի վտանգը
Կարիեսի առաջացմանը նպաստում են ոչ միայն քաղցրավենիքն ու ատամների վրա երկար ժամանակ մնացող շաքարը, այլև օսլան, որը նույնպես կարող է նպաստել բակտերիաների բազմացմանը։
Ռիսկը կարող են մեծացնել քաղցր միրգն ու չիրը, հյութը, հացը, կրեկերը, մակարոնեղենը և օսլայով հարուստ այլ մթերքները։
Մի՛ քնեցրեք երեխային շշով
Երեխային մի՛ պառկեցրեք քնելու կաթով, կաթնախառնուրդով, հյութով կամ քաղցր ըմպելիքով լի շշով։
Եթե հեղուկը երկար ժամանակ մնում է ատամների շուրջ, բերանի բակտերիաներն օգտագործում են դրա մեջ եղած շաքարը, և կարիեսի վտանգը մեծանում է։
Ամենակարևորը
Երեխայի բերանի խոռոչի խնամքը սկսվում է ոչ թե առաջին ատամից, այլ դրանից առաջ։ Մաքուր լնդերը, օրական երկու անգամ ատամների խոզանակումը, փոքր քանակությամբ ֆտոր պարունակող մածուկը, առողջ սնունդն ու ժամանակին ատամնաբույժի այցելությունն օգնում են կանխել վաղ մանկական կարիեսը և ձևավորել առողջ սովորություններ ամբողջ կյանքի համար։
Աղբյուրը՝ Babycenter.com
Եթե մայրը հիվանդ է, կարո՞ղ է կրծքով կերակրել․ մասնագիտական պարզաբանում
Նախորդ հոդվածը՝ այստեղ
8. Միֆ․ եթե ուզում եք կրծքով կերակրել, կաթնախառնուրդ օգտագործել չի կարելի
Որոշ դեպքերում մայրը կարող է օգտագործել նաև կաթնախառնուրդ՝ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրել։ Կաթնարտադրությունը պահպանելու համար կարևոր է երեխային հնարավորինս հաճախ կուրծք առաջարկել։ Անհրաժեշտության դեպքում կարելի է խորհրդակցել լակտացիայի մասնագետի հետ։
9. Միֆ․ շատ մայրեր բավարար կաթ չեն արտադրում
Գրեթե բոլոր մայրերն արտադրում են երեխային անհրաժեշտ քանակությամբ կաթ։ Կաթնարտադրությունը կախված է նրանից, թե որքան ճիշտ է երեխան հպվում կրծքին, որքան հաճախ է սնվում և որքան արդյունավետ է կաթ ստանում։ Կարևոր է նաև, որ մայրը ստանա անհրաժեշտ աջակցություն, լավ սնվի և բավարար հեղուկ օգտագործի։
10. Միֆ․ հիվանդ ժամանակ չի կարելի կրծքով կերակրել
Շատ հիվանդությունների դեպքում կրծքով կերակրումը կարելի է շարունակել։ Կարևոր է ստանալ համապատասխան բուժում, հանգստանալ, լավ սնվել և բավարար հեղուկ օգտագործել։ Որոշ դեպքերում մոր օրգանիզմի արտադրած հակամարմինները կրծքի կաթի միջոցով փոխանցվում են նաև երեխային։
11. Միֆ․ կրծքով կերակրելիս դեղեր ընդունել չի կարելի
Կրծքով կերակրման ընթացքում որոշ դեղամիջոցներ կարելի է ընդունել։ Կարևոր է բժշկին տեղեկացնել, որ կրծքով եք կերակրում, և հետևել դեղի օգտագործման ցուցումներին։ Երբեմն կարող է անհրաժեշտ լինել փոխել դեղաչափը, ընդունման ժամը կամ ընտրել այլ դեղամիջոց։
12. Միֆ․ կրծքով սնվող երեխաները չափազանց կապված են մորը
Բոլոր երեխաները տարբեր են՝ անկախ նրանից, թե ինչպես են սնվում։ Կրծքով կերակրումը ոչ միայն սնուցում է երեխային, այլև նպաստում է նրա զարգացմանն ու մոր հետ հուզական կապի ամրապնդմանը։
13. Միֆ․ մեկ տարուց հետո երեխային դժվար է կրծքից կտրել
Չկան ապացույցներ, որ մեկ տարուց ավելի կրծքով կերակրելու դեպքում կրծքից կտրելն ավելի դժվար է։ Միաժամանակ կրծքով կերակրումը մինչև երկու տարեկանը կարող է օգտակար լինել թե՛ մոր, թե՛ երեխայի համար։ Տևողությունը յուրաքանչյուր ընտանիք կարող է որոշել անհատապես։
14. Միֆ․ աշխատանքի վերադառնալուց հետո պետք է դադարեցնել կրծքով կերակրումը
Շատ մայրեր աշխատանքի վերադառնալուց հետո էլ շարունակում են կրծքով կերակրել։ Հնարավորության դեպքում կարելի է կերակրել աշխատանքից առաջ կամ հետո, կթել կաթը կամ օգտագործել աշխատանքի վայրում նախատեսված հնարավորությունները։ Նույնիսկ եթե որոշ կերակրումների ժամանակ օգտագործվում է կրծքի կաթի փոխարինիչ, հնարավոր է շարունակել կրծքով կերակրել այն ժամանակ, երբ մայրը երեխայի կողքին է։
Աղբյուրը՝ UNICEF



