Մանրամասնում է Սեբաստիա բժշկական կենտրոնի մանկաբույժ Գոհար Դավթյանը:
- Ի՞նչ է սպասվում 6-7 ամսականում։
Այս հասակի երեխան ակտիվորեն մեծանում է։ Նա ազատ նստում է։ Փորի վրա պառկած դիրքից բարձրանում է ձեռքերի և ծնկների վրա, փորձում է չոչ անել ։Իր անունը լսելիս թեքվում է դեպի ձայնը։
7 ամսական երեխան ուտելու ժամանակ ինքն Է վերցնում կերակրաշիշը և տանում բերանը։ Նա գրկից գիրկ Է ձգտում, ձեռքերը պարզում Է դեպի մայրը, ծանոթները, երկար թոթովում Է։ Այս շրջանում երեխայի մոտ կողմնային պաշտպանական ռեակցիան է ի հայտ գալիս, երբ կտրուկ իրանը թեքում ենք կողքի վրա։
-Ի՞նչ պետք է անի 7 ամսական երեխայի ծնողը։
Մայրիկները պետք է փորձեն նպաստել երեխայի խոսքի զարգացմանը՝ անվանելով նկարները և խաղալիքները։ Ցանկալի է, որ կրկնեն փոքրիկի արտաբերած ձայները։ Բայց ամեն դեպքում պետք է հիշել, որ երեխան ավելի հեշտ է ընկալում, երբ մայրը հանգիստ սովորեցնում է նրան և ոչ թե ստիպում։
-Այս հասակում երեխան բավականին ակիվ է ու շարժուն։ Ինչպե՞ս ապահովել նրանց անվտանգությունը։
Այո ՛, այս շրջանում երեխան արդեն բավականին աշխույժ է ու հետաքրքրասեր, միևնույն ժամանակ նա զուրկ է ինքնապաշտպանվելու կարողությունից։ Երեխան ձեռքը մեկնում է այն ամենին, ինչը տեսնում է։ Այդ իսկ պատճառով ծնողներն ավելի ուշադիր պիտի լինեն այս հասակի երեխաների նկատմամբ։
Դյուրավառ նյութերը, դեղերը, հեշտ կոտրվող, սրածայր, փոքր իրերը պետք է հեռու պահել երեխայից։ Չի կարելի նրան մենակ թողնել ուրիշ փոքր երեխայի կամ ընտանի կենդանու հետ։
-7 ամսականում քնի ինչպիսի՞ ռեժիմ պիտի ունենա երեխան։
7 ամսականում երեխան պիտի քնի մոտավորապես 14 ժամ, որից 10-ը բաժին է ընկնում գիշերային քնին, իսկ մյուս 4-ը ՝ ցերեկայն քնին։ Ցերեկային քունը բաժանվում է երկու մասի՝ առավոտյան քուն ՝ 1.5-2 ժամ և ցերեկվա քուն։
Պետք է պահպանել քնի ռեժիմը։ Քնելիս երեխային կարելի է փափուկ խաղալիք տալ, եթե դա հանգստացնում է նրան։ Երգը կամ հեքիաթը երեխայի քունը կդարձնեն ավելի հաճելի։
-Ինչպիսի՞ սննդակարգ պիտի ունենա այս հասկի երեխան։
Կյանքի առաջին ամիսներին բացառապես կրծքով կերակրելը լիովին բավարարում է երեխայի հեղուկի, էներգիայի և սնուցողական նյութերի պահանջը՝ ապահովելով նրա աճը, զարգացումն ու առողջությունը: Սակայն երեխայի աճի և ակտիվության մեծացմանը զուգընթաց որոշակի տարիքում միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի բոլոր պահանջները:
6 ամսականից սկսած բոլոր երեխաները, կրծքի կաթի հետ մեկտեղ, պետք է սկսեն հավելյալ սնունդ ստանալ։
Կյանքի յոթերորդ ամսում երեխան իր սննդակարգում պիտի ունենա մոտավորապես հինգանգամյա կերակրում։
Առաջին կերակրում. սկսվում է կրծքի կաթով կամ արհեստական կաթնախառնուրդով՝ մոտավորապես 200 մլ չափով։ Բալիկներ կան, ովքեր մի քիչ ավելի շատակեր են ու մի քիչ ավելի շատ կարող են ուտել։
Երկրորդ կերակրում. երեխան պետք է մոտավորապես 150 գրամի չափով շիլա ուտի, որի մեջ կա փոքր քանակությամբ կարագ։ Այնուհետև պետք է երեխային տալ 30 գրամ մրգային խյուս ձվի դեղնուց ՝ մոտ 1/4 չափով։
Երրորդ կերակրում. երեխային պետք է տալ 170 գրամի չափով բանջարեղենային խյուս, որը պետք է պարունակի մոտ 30 գրամ միս։ Խյուսին պետք է խառնել մի քիչ կարագ:
Չորրորդ կերակրում. այն ներառում է կաթնաշոռ, մոտ 40 գրամ մրգային խյուսեր և 150- 160մլ կաթ։
Հինգերորդ կերակրում. քնից առաջ երեխային պետք է կերակրել կաթով ՝ մոտ 200 մլ։
Մանկաբույժը նաև խորհուրդ է տալիս ՝
1.այս հասակում երեխային մոտ երկու ժամ տանել զբոսանքի։ Մաքուր օդը լավ է անդրադառնում ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր զարգացման վրա։ Մաքուր օդը նաև նպաստում է լավ ու հանգիստ քնին։
2.Փոքրիկի համար նաև շատ կարևոր են ջրային պրոցեդուրաները։ Դրանք լավացնում են արյան շրջանառությունը, ամրացնում են իմունիտետը, միևնույն ժամանակ հաճելի են երեայի համար։
Արփինե Մուրադյան



