Ինչպես ապահովել 5-6 տարեկան երեխայի անվտանգությունը  

Այս տարիքում Ձեր երեխան փորձում է նմանակել մեծերին, հետազոտում է իր շրջապատը, հետաքրքրվում է այն ամենով, ինչը տեսնում և հասկանում է։ Նա  ձգտում է լինել ինքնուրույն։

Այս հասակում բավական զարգանում է երեխայի խոսքը։ Իսկ Ձեզ մնում է ավելի ուշադիր ու հետևողական լինել փոքրիկի անվտանգությունը ապահովելու համար։

  1. Բոլոր հնարավոր վտանգները հասկանալի լեզվով բացատրեք երեխային։ Այս տարիքում հատկապես վտանգավոր են դեղերը, քիմիական նյութերը և զենքերը։
  2. Բացատրեք երեխային երթևեկության կանոները։
  3. Երեխային սովորեցրեք իր անունը, ազգանունը և հասցեն։
  4. Երեխային երբեք մի թողեք միայնակ՝ մեկ այլ փոքր երեխայի կամ ընտանի կենդանու հետ։
  5. Ոչ միայն երեխայի սենյակում, այլև ընդհանրապես բնակարանում մի՛ ծխեք։

Շնչահեղձությունից խուսափելու համար

  1. Մինչև չորս տարեկան երեխային  մի տվեք հատիկավոր սնունդ, եթե նրա կողքին չեք (պնդուկ, ընկույզ, արևածաղկի սերմեր):
  2. Երեխային զգուշացրեք բերանում փոքր առարկաներ պահելու վտանգավորության մասին։
  3. Թույլ մի տվեք երեխային ուտելիս վազվզել, ծիծաղել, խոսել կամ քայլել։ 

Այրվածքներից խուսափելու համար՝

  1. Կենցաղում օգտագործվող ջուրը (օրինակ՝ լվացքի կամ լողանալու) երբեք մի տաքացրեք  մինչև եռման  ջերմաստիճան։ Հիշեք՝ կենցաղում օգտագործվող ջուրը անվտանգ է, եթե Ձեր ձեռքերը չի «այրում»։
  2. Մի փորձեք երեխային հրապուրել կամ զբաղեցնել կրակով։

 Թունավորումներից և ինքնավնասումներից խուսափելու համար

  1. Չօգտագործվող էլեկտրական սարքերը անջատեք էլեկտրական վարդակներից և վերջիններիս անցքերը փակեք մեկուսիչ վահանակով։
  2. Երեխային զգուշացրեք էլեկտրական հոսանքի վտանգի մասին։
  3. Կողպեք դարակները և պահարանները, որոնցում պահում եք վտանգավոր իրեր՝ քիմիական նյութեր, դեղեր, սուր գործիքներ, զենքեր։
  4. Ստուգեք երեխայի խաղավայրը «երեխայի հասակի մակարդակից» և հեռացրեք հնարավոր սպառնալիքները։
  5. Հսկեք երեխայի խաղը մինչև դպրոց գնալու տարիքը։

 

Մեքենայում

  1. Երեք տարեկանից փոքր երեխան պետք է նստի հատուկ փոքրիկների համար նախատեսված աթոռակին:
  2. Երեք տարեկանից մեծ երեխան պետք է նստի հետևի նստարանին՝ անվտանգության գոտիով ամրակապված։
  3. Երբեք երեխային մի թողեք մենակ մեքենայում։
  4. Թույլ մի տվեք, որ երեխան մեքենայի բաց պատուհանից դուրս հանի մարմնի կամ հագուստի մասերը։ Դռները կողպեք, երբ երեխան մեքենայում է։


    Աղբյուրը՝ «3֊7 տարեկան երեխայի խնամքը» ձեռնարկ