Ինչպե՞ս քնեցնել փոքրիկին. խորհուրդ են տալիս փորձառու ծնողները - մաս 1

Խնամք

«Babycenter» հայտնի կայքի խմբագրությունը խնդրել է ընթերցող ծնողներին կիսվել իրենց փորձով: Որոշ խորհուրդներ, հնարավոր է, տարօրինակ թվան, բայց երբ բանը հասնում է փոքրիկին քնեցնելուն, մենք սկսում ենք գործի դնել մեր ամբողջ երևակայությունը՝ իհարկե, առաջին պլանում պահելով անվտանգությունը:

Եվ այսպես, ի՞նչ են խորհուրդ տալիս մայրիկները.

Երեխային երկար մի պահեք արթուն

Հակասական է հնչում, բայց այդպես է՝ որքան ուշ փոքրիկը պառկի քնելու, այնքան երկար կտևի քուն մտնելու ընթացքը:  Կամակոր փոքրիկները, ասես, հանգիստ չունեն, կռվում են քնի դեմ և արթնանում շատ վաղ: Ծնողները պետք է դրա հետ համակերպվելու փոխարեն երեխային ավելի շուտ քնեցնելու տարբերակներ մտածեն:

«Ես շատ կուզեի, որ որևէ մեկն ինձ հենց սկզբում ասեր, որ եթե երեխային ավելի շուտ պառկեցնես քնելու, նա, իրականում, ավելի երկար կքնի»:

«Երբ փոքրիկս 6 ամսական էր, մենք հասկացանք, որ նրան շատ երկար ենք արթուն պահում: Երկու շաբաթ մենք փոխեցինք իր գրաֆիկն ու քնեցրինք 18:30-ին: Եվ հիմա նա  ամեն գիշեր քնում է 12 ժամ: Մղձավանջային գիշերներն արդեն անցյալում են»:

Երեխային պահեք «քնի ռեժիմում»

Երբ գիշերը փոքրիկն արթնանում է, խուսափեք աչքերի կոնտակտից: Հնարավոր է՝ նա շատ արագ նորից քուն մտնի:

«Ես գիշերը հեռուստացույցը միացրած եմ թողնում, ձայնը`շատ ցածր: Խաղաղ երաժշտություն եմ միացնում, էկրանը`մի քիչ մուգ: Այն թե որպես լուսամփոփ է ծառայում, թե օգնում է փոքրիկին նորից քուն մտնել, երբ արթնանում է»:

Քնի հետ կապված ճիշտ սովորույթներ ձևավորեք

Դուք կարող եք սովորեցնել փոքրիկին, որ պետք է անկողին մտնի, երբ արդեն քնկոտ է, բայց արթուն:  Այսինքն` նույնիսկ 1 ամսականից կարող եք երեխայի մոտ սովորույթներ ձևավորել:

«Որքան փոքր է երեխան, այնքան հեշտ է վերացնել վատ սովորույթները կամ ձևավորել լավ նորերը»:

Ինքներդ կազմակերպեք`որքան ժամանակ ու որտեղ կարող է փոքրիկը ննջել

Օրվա ընթացքում ննջելը կօգնի փոքրիկին լավ քնել գիշերը: Այսինքն՝ երեխան պետք է քնի ցերեկը, բայց ոչ երկար:

 

«Ես կուզեի՝ որևէ մեկն ինձ ավելի շուտ ասեր, որ չարժե փոքրիկին թույլ տալ ցերեկը քնել ավելի քան երեք ժամ: Երբ մենք վերջ տվեցինք այդ սովորությանը, փոքրիկս սկսեց շատ լավ քնել գիշերը»:

«Երանի՜ ավելի շուտ իմանայի, որ ննջելը անհրաժեշտություն է, նույնիսկ երբ երեխան հոգնած չի թվում: Պատահել է՝ ցերեկը չեմ քնեցրել փոքրիկին, ու դրա համար մենք թանկ ենք վճարել»:

«Երանի՜ երեխայիս սովորեցրած լինեի ցերեկային քունը ևս անցկացնել իր օրորոցում: Հիմա նա գիշերը քնում է օրորոցում, բայց չի ննջում այնտեղ»:

Շարունակելի

Աղբյուրը՝ babycenter.com

Գովազդ